Հայաստանը կարևորում է հնդկական ընկերությունների ներգրավումը շինարարական տենդերներում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարն ընդգծել է՝ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և ներկայում, տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առկա է հարաբերությունները զարգացնելու էլ ավելի մեծ ներուժ: «Հայաստանում շատ բարձ է գնահատվում Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու այս բարձր տեմպը։ Ինչպես ՀՀ կառավարությունն, այնպես էլ ՏԿԵ նախարարությունը պատրաստ են մեծ ներդրում, մասնակցություն ունենալ այս գործընթացում»,-ասել է Սանոսյանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին ընդգծելով հայ-հնդկական ջերմ հարաբերությունների, փոխգործակցության զարգացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։
Կարևորվել է հայաստանյան տարբեր շինարարական տենդերներում հնդկական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունը։