26.11.2024
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել
prev Նախորդ նորություն

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին. Ֆրանսիայի քաղաքական ուժեր

Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչներ հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։


«Արմենպրեսի» հաղորդմամբ, կոչում ասված է. «Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրա­քանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:


Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս­տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։


Ներկայիս ընդլայնված Եվրոպայում սա «Նոր Բեռլինի պատ» է, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր քսան հազար բնակչությանը տանում է դեպի սովամահություն։ Արդյոք մեր հանրապետական ​​գործընկերների պես մենք ևս պետք է կրկնենք, որ Բաքվի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի ամենատար­րա­կան սկզբունքներին։ Արդյոք մենք դեռ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները և 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանները»:


Կոչի հեղինակները նաև նշում են. «Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին։ Լեռնային Ղարաբաղը, որը Հարավային Կովկասում ներկայացնում է այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, արժանի է ավելիին, քան անուշադիր հայացքն է: Այն պարզապես արժանի է, որ իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը կիրարկվի: Այն արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործելու օրինականությունը և բռնի ուժով հաստատված օկուպացիան որևէ պարագայում չի կարող կասկածի տակ դնել դրա գոյությունը»։


Նրանք խնդրում են Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա իշխանությնա նկատմամբ. «Առանց ատելություն տածելու իր ժողովրդի հանդեպ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղու­թյան և եղբայրության պայմաններում այս Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի»,- նշված է Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչ-հայտարարության մեջ: