Փոփոխությունների առաջնորդը կարող ենք լինել ամենքս. մեկնարկեց «Զարգացման առաջնորդներ» դպրոցը
«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունն այսօր Երևանում մեկնարկեց «Զարգացման առաջնորդներ» դպրոցը, որը երկարաժամկետ բնույթ է ունենալու և միավորելու է տարբեր ոլորտների ակտիվ երիտասարդների, որոնք պատրաստ են իրենց ողջ ներուժը ներդնել երկրի զարգացման համար:
Երիտասարդների հետ հանդիպմանը ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, կոչ արեց բոլորին միավորվել հանուն այդ գաղափարի:
«Հայաստանն ունի ակտիվ երիտասարդների կարիքը: Մեր գլխավոր նպատակն է այս ծրագրի միջոցով գտնել տարբեր ոլորտներ ներկայացնող երիտասարդներին, միավորել, լսել նրանց և փորձել ուղորդել իրենց ներուժը իրապես երկրի զարգացման համար ուղղված ծրագրեր մշակելու ու իրագործելու ճանապարհին»,- ասաց նա՝ կարևորելով սերնդափոխության գաղափարի կյանքի կոչումը:
Նա տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում է անցկացնել «Զարգացման առաջնորդների» մեծ համաժողով, որին մասնակցելու հնարավորություն կունենան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից։
«Երկրում փոփոխությունները հնարավոր են և մեզանից յուրաքանչյուրը կարող է այդ փոփոխությունների առաջնորդը լինել»,- նշեց նա:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը ևս հորդորեց երիտասարդներին լինել ակտիվ.
«Վստահ եմ, որ եթե երկրում լինեն թեկուզ հարյուր գիտակից մտածող երիտասարդներ, ովքեր կապում են իրենց ապագան Հայաստանի հետ և Հայաստանի զարգացման հստակ տեսլական ունեն, ովքեր գոհ չեն այն ամենից, ինչ տեղի է ունենում իրենց շուրջ, ապա հնարավոր է բեկում մտցնել և տանել երկիրը ճիշտ ուղիով: Կարևոր է հավատալ սեփական ուժերին, վստահ բարձրացնել սեփական ձայնը, կարծիք հայտնել տեղի ունեցող գործընթացների և զարգացումների վերաբերյալ, և մեր դպրոցը հենց այն հարթակն է, որ տրամադրում է այդ հնարավորությունը»,- ասաց Կոստանյանը:
Փոփոխությունները հնարավոր են, հավելեց նա, և առաջնագծում կարող է լինել յուրաքանչյուրը:
Հանդիպմանը ծավալվեց ակտիվ քննարկում, որոշվեցին առաջիկա անելիքները: Ինչպես նաև 18-35 տարեկան մասնակիցների համար հայտարարվեց մրցույթ, որի շրջանակում երիտասարդները կներկայացնեն Երևան քաղաքի զարգացման իրենց տեսլականը: Սեպտեմբերին մրցույթը կամփոփվի, իսկ հաղթողները կպարգևատրվեն: