«Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը. այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
"Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ.
1. Իր կյանքը և իր պաշտոնը նույնականացրել է,
2. Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականությունը՝ որ մասը որի հետ կարողանա,
3. Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։
4. Զիջել, զիջել, զիջել, ինքն էլ չգիտի՝ որտեղ և ինչ է զիջելու, որտեղ է զիջման վերջը, չի հասկանում։ Անկեղծորեն չի հասկանում, և որպես հետևանք Ադրբեջանն ամեն շաբաթ նոր ավելի վտանգավոր պահանջներ է դնում։
5. Ինքը չգիտի՝ ինչ է պետք անել՝ընդհանրապես։ Գիտի, որ պետք է մնա պաշտոնին, ու ուրիշ ոչինչ չգիտի։
6. Հասկանում է, որ իր քայլերը, 1-5 կետերի պրոցեսը տանում են նոր աղետի՝ պատերազմ կկոչվի, ցեղասպանություն կկոչվի, պետականության կորուստ՝ պարզ չէ, բայց որ շատ մեծ աղետի ենք գնում, արդեն պարզ հասկանում է։
7. Չի լսում որևէ առաջարկ (կամ իրավունք չունի լսելու կամ ի վիճակի չէ), չի մտածում հրաժարականի մասին. այդպես կաներ ցանկացած ուրիշ մեկը՝պետությանը նոր հնարավորություն տալու համար։
Ինչ կա դիմացը.
1. Հասարակության մի հատված, որ հասկանում է ամեն ինչ և որը, սակայն, չգիտի անելիքը, և որին չեն ասում՝ ինչ անել
2. Ընդդիմության ինստիտուցիոնալ կազմաքանդվածություն
3. Մի քանի տասնյակ գործիչներ, ովքեր ամենօրա ռեժիմով անում են իրենցից կախված ամեն ինչ, բայց դեռևս չեն ընկալվում որպես նոր առաջնորդություն և միասնական հարթակ։
4. Լայն հասարակության օտարացում սեփական ճակատագրից։
Ինչ անել
1. Ներքին հաշտեցման պրոցես։ Ուրիշ այլընտրանք չկա։ Նիկոլի հիմնական կենսական թույնը ներքին թշնամանքն է, էլեկտորալ բարիկադավարումը։ Դրա միակ հակաթույնը ներքին հաշտեցման տոտալ արշավն է, միջընտրազանգվածային երկխոսությունը։ Լևոնականներ, վազգենականներ, դաշնակներ, ԲՀԿ-ականներ, սերժականներ, ռուբենականներ, արևմտամետներ, ռուսամետներ և այլն և այլն. այս բաժանումները 2020-ից հետո այլևս կորցրել են գոյության իրավունքը, մենք պիտի վերջապես հաղթահարենք մեր ներքին պատնեշները, ֆիքսենք ընդհանուր խնդիրը, որ գնանք նույն ուղղությամբ։ Որքան էլ դժվար է, բայց ուրիշ ճանապարհ չկա։
2. Պիտի փորձենք ձևը գտնել՝ խոսելու Նիկոլի մանիպուլյացվող ընտրազանգվածի հետ։ Աղետը հաշվի չի առնելու որևէ մեկի պատկանելությունը, չի հարցնելու՝ Նիկոլին սիրո՞ւմ ես, թե՞ ատում։ Աղետի կասեցումը բանաձև է, որով կարելի է ու պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ որքան էլ դժվար լինի, որքան էլ անդուր լինի։ Մարդկանց պիտի հնարավորություն տրվի՝ գիտակցել, որ իրենք մանիպուլյացիայի զոհ են և ունեն այլ ճանապարհ։
3. Այս ճանապարհով հասնել այն բանին, որ լիցենզավորված նիկոլականների շերտը փոքրանա մինչև նվազագույն չափեր։ Այս առումով ճշգրիտ բանաձև էր տվել Ա. Ջուլֆալակյանը։
4. Խոսել պետական համակարգի հետ՝ հանգիստ, գրագետ։ Մեծ մասը նորմալ մարդիկ են։ Խոսելը ենթադրում է նաև բարոյական ճնշում ու զգուշացում՝ մաս չկազմել պատմական աղետին (տարանջատում՝ հանուն փրկության)
5. Երկրում փոխել մթնոլորտը. ամոթ է՝ 21-րդ դարում ՄԵԿ հոգի մի ողջ ժողովրդի տանի աղետի և այդ ժողովրդի մեծ մասը հնազանդ քշվի կոտորվելու։
6. Իշխանությանը հաջողվել է ստեղծել պատերազմի և խաղաղության սխալ նարատիվ ու մտցնել դա հանրային գիտակցություն. լայն զանգվածներն այս պահին նախընտրում են «խաղաղության օրակարգով» ցեղասպանվել, քան իշխանություն փոխելու միջոցով ստանալ կայունություն և անվտանգություն։ Այս վիճակը պետք է և հնարավոր է կարճ ժամանակում փոխել։
7. Մենք կհաջողենք, և անելիքի թվարկած կետերը կդառնան իրականություն միայն ու միայն պայքարի նոր ձևաչափերի ու նոր ձևակերպումների դեպքում։ «Հայաստանն առանց խելքի» որևէ շարժում թույլ տալ չի կարելի։ Պետք է ճիշտ բովանդակություն, ճիշտ մենեջմենթ",- գրել է Հովհաննիսյանը։