25.11.2024
Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

Երբ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում երեկ փոփոխություն է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ԱԺ նախագահի ընտրության կարգում։ Քանի որ Արցախի գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից հետո կատարում պետության գլխի պարտականությունները, ուստի ստեղծված իրավիճակում եւ ռազմական դրության պայմաններում քաղաքական որոշում է կայացվել՝ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմել եւ 10-օրյա ժամկետը հասցնել 2-ի։ Հենց այս պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասյանը պաշտոնապես չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դեպքում կգործեր հին օրենքը, եւ 10 օր խորհրդարանը կմնար առանց խոսնակի։ Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին, քաղաքական կոնսենսուս կա դաշնակցական Դավիթ Իշխանյանի շուրջ։ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ, ԱՀ խորհրդարանի դեպքում՝ 17 ձայնով, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը» 16 ձայն ունի, ՀՅԴ-ն՝ 3, սակայն Իշխանյանի առաջադրման դեպքում նրան կսատարեն նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցությունները՝ ԱԺԿ-ն եւ «Արդարությունը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի պաշտոնում քննարկում են ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի թեկնածությունը։ Ցուցակը, հիշեցնենք, գլխավորելու է ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով մշտապես ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբները։ Սակայն Սամսոնյանը, մեր տեղեկություններով, չի ընդգրկվի նախընտրական ցուցակում, եթե անգամ նրա անունը գրվի էլ, ապա չի լինելու առաջին կինը։ Առհասարակ, ընտրական ցուցակում գերակշռելու են բիզնեսի եւ այլ ոլորտների անկուսակցական ներկայացուցիչներ։ Օրերս Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան քվեարկություն էր հայտարարել կարգախոսի ընտրության համար՝ ներկայացնելով երկու տարբերակ. «Առաջ, նոր շնչով» եւ «Միացի՛ր առաջարկներիս»։ Ընտրվել է առաջին տարբերակը, որը նման է 2017-ի համապետական ընտրություններին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսին։ ՀՀԿ-ի հետ ասոցացվելու մտավախություն չունե՞ք․ Խաժակյանը պատասխանեց․ «Որ բարեւում ենք իրար, Րաֆֆիի հե՞տ ենք ասոցացվում»։


«Հրապարակ» թերթը գրում է. Մեկուկես տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի 2 նիստի կմասնակցի՝ օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Տոնոյանը խորհրդարան է ժամանելու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նիստն անցկացվելու է փակ ֆորմատով, առցանց չի հեռարձակվելու, ինչպես եղավ վարչապետ Փաշինյանի մասնակցության ժամանակ։ Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, թե Տոնոյանի հետ համաձայնեցնելուց հետո կորոշեն՝ նիստը անցկացնել բաց, թե փակ ձեւաչափով։ Սա նշանակում է, որ նախկին նախարարը դեմ չէ փակ ձեւաչափին։ Սակայն մինչեւ Փաշինյանի՝ հանձնաժողով գնալը, Տոնոյանն իր մասնակցության համար պայման էր դրել, թե կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը ներկա գտնվի, իսկ նիստը լինի բաց։ Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Ավանի դատարան է հրավիրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, եւ դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տեւելու: Նշենք, որ երեկ Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ բոլորին հայտնի Թոխմախի Մհերը, ներկայացել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր: Նրա գործն արդեն երկու տարի է, ինչ քննվում է Ավանի նստավայրում, իսկ գործը քննում է դատավոր Վահագն Մելիքյանը: Իսկ ինչի՞ համար են մեղադրում Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում: Նկատենք, որ ապացույցների հետազոտման փուլն էր, եւ կողմերը չցանկացան, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստը: Նշենք, որ, Մհեր Սեդրակյանից բացի, մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ 5 անձ` Լեւոն Քոչինյանը, Հրաչյա Այվազյանը, Սվետլանա Պետիկի Ասլանյանը, Կառլեն Ռազմիկի Գեւորգյանը, Վահան Գեւորգի Գեւորգյանը: Մեղադրանքը համարվում է չհիմնավորված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու. ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու: Տեղեկացանք, որ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է, իսկ հավաքույթի անցկացման վայրի հետ կապված դեռ քննարկում են, բայց հավանական է, որ ՔՊ-ն հավաքն անցկացնի «Դվին» ռեստորանում: Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը: Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխացնում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ: Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 27-29-ը սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է Հայաստանում անցկացնել «Հայր իրավաբանների համազգային համաժողով» խորագրով միջոցառում, որին պետք է մասնակցի 200 սփյուռքահայ իրավաբան՝ շուրջ 50 երկրից է եւ առավելագույնը 50 իրավաբան եւ հյուրեր` Հայաստանից։ Վարչապետի աշխատակազմն արդեն իսկ 53 մլն 247 հազար դրամով «Աութսորս» ՍՊԸ-ից ձեռք է բերել միջոցառման կազմակերպման ծառայություններ։ Իսկ երեկ բացվեց Հայրենադարձության եւ ինտեգրման կոնտրոն, որի նպատակը սփյուռքահայերի գործը հեշտացնելն է, քանի որ, ինչպես Փաշինյանն ասաց, «կառավարությունն ուզում է ՀՀ վերադարձած ավելի շատ մարդկանց տեսնել»։ Սակայն հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու են առանց պատճառի որոշ սփյուռքահայերի արգելում Հայաստան գալ։ Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում բյուջեից ծախսել է 43 մլն 192 հազար դրամ: Հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության գործունեության բնույթի մասին՝ կարող ենք ասել, որ այն վարչապետին կից գործող կառույց է, որը վերահսկում է պետական կառույցների գործունեությունը, բացահայտում եւ հայտնաբերում է թույլ տրված խախտումները: Տեսնելով պետական գնումներում Պետական վերահսկողական ծառայության կատարած գնումները՝ կարող ենք ասել, որ որեւէ գնում չի համապատասխանում կառույցի բնույթին: ՊՎԾ-ի կատարած՝ միլիոններ արժեցող գնումներից են՝ տեքստիլի մաքրման ծառայություններ, փաստաթղթերի կառավարման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ, թուղթ՝ A4 ֆորմատ, ձեռքի թղթե սրբիչներ, համազգեստ, ուղղագրության ստուգման ծրագրեր եւ նմանատիպ այլ գնումներ, որոնց վրա ծախսվել է 43 մլն դրամ: Այսինքն՝ կառույցը գումարներ է ծախսել միայն սեփական կարիքները հոգալու համար։ Նշենք, որ ՊՎԾ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այսպիսով, այս կառույցի գործունեությունը եւ կայունությունը ձեռք է տալիս այն իշխանական կառույցներին եւ մարդկանց, որոնք ուզում են հեշտ ֆինանսական միջոցներ կուտակել եւ ոչ մի աշխատանք դրա դիմաց չկատարել: Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես, եթե, բացի մշտադիտարկումներից, ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականացնում, էլ չասենք, որ կառույցի բացահայտումներից մեկին իր անվստահությունն է հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի գործունեությունը ստուգել էր ՊՎԾ-ն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր եւ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 26-ին Պռոշյան եւ Բաղրամյան խաչմերուկում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մեքենայի սեփականատեր Վահե Պետրոսյանի մասին: Եվ այսպես, դեռեւս 2016 թվականի մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության կազմից Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելուց եւ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին նշանակելուց հետո Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, կարելի է ասել, պարալիզացվել է: Բանն այն է, որ հիմնական փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում է միջնորդ ընկերությունների կողմից, որոնց ընդունված է անվանել «կարգոներ»:


Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում են գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այս սովորաբար հաշվարկվել են տվյալ բեռի քաշով, սակայն ՊԵԿ-ի «անկախանալուց» հետո «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով: Արդյունքում փոքր եւ միջին գործարարների մոտ ապրանքների ինքնարժեքները սկսել են կտրուկ բարձրանալ: Դա է պատճառը, որ գործարարները նախընտրել են միառժամանակ իրենց գործարքները սառեցնել, մինչեւ որ ՊԵԿ-ում ծավալված փոփոխությունները կավարտվեն, եւ խաղի կանոնները կհստակեցվեն: Մեր տեղեկություններով՝ «կարգոներին» «ներքին կարգով» արդեն զգուշացվել է, որ բոլորն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Չարբախում անցած տարվա հուլիսի 7-ին մեծ շուքով բացված «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի մաքսային պահեստների միջոցով:


Տեղեկացնենք, որ 7 հեկտար տարածք զբաղեցնող այս մաքսային պահեստները կառուցվել են բանկի տրամադրած միջոցներով: Կառույցի շինարարությունը արժեցել է մոտ 20 մլն դոլար: «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վահե Պետրոսյանը, որը նաեւ ընկերության հիմնադիրներից է: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը: Ասել է թե՝ պատահական չէ, որ Վահե Պետրոսյանը «Մայբախ» մեքենա է վարում, քանի որ նախկինների հետ բավականին սերտ կապերի մեջ է եղել եւ իրականացրել է ամենաեկամտաբեր հաշվապահությունները»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր որոշում է կայացրել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի՝ Եղիշե Հակոբյանի մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2 ամսով երկարաձգվել է սպայի կալանքի ժամկետը։ Նշենք, որ այս տարվա հունվարի 19-ին սպան բենզինը լցրել էր, որ վառարանը վառի, եւ դրա հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել. մահացան 15 զինծառայող, գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։ Արձանագրենք` մինչ այս պահն էլ ծնողները չեն վստահում պաշտոնապես առաջ քաշված վարկածին եւ պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնում տարվող քննության վերաբերյալ»: