24.11.2024
Փաշինյանի լռությունը Միշել-Ալիևի բանակցություններում լեգիտիմացրեց Լաչինի միջանցքի փակումը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ՝ առանց դիվանագիտական ռեսուրսի. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրով ՀՀ դիվանագիտական դպրոցին հատկացրել է 449 մլն 098 հազար դրամ: Մինչ այդ որեւէ հատկացում չկա, համենայնդեպս պետական գնումների մասին առցանց հարթակում այդ մասին ոչինչ նշված չէ: Տեղեկացնեք, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2009 թվականի սեպտեմբերին: Դպրոցի առաջնային նպատակներն են Արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը: Արդեն 14 տարի է, ինչ գործում է դիվանագիտական դպրոցը: Այս ընթացքում հայաստանյան դիվանագիտությունը որեւէ շոշափելի արդյունք չի ունեցել: Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը պատերազմական գործողությունների թատերաբեմում էր, դիվանագիտական լուրջ հարաբերություններ ծավալելու փոխարեն, փրփուրներից էր կախվում իշխանությունը:


Այն ժամանակ, երբ ճիշտ դիվանագիտական քայլերն ամենաանհրաժեշտն էին Հայաստանի համար, մենք չտեսանք 10 տարուց ավել գործող կառույցի «արտադրած ռեսուրսները»: Հայաստանի եղած եւ արդեն քայքայված դիվանագիտության ներկայացուցիչները իշխանական դրածոներն են, ովքեր անցյալում նույնիսկ որեւէ կապ չեն ունեցել դիվանագիտական բանակցությունների հետ: Օրինակ՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահե Գրիգորյանը, Մնացական Սաֆարյանը, Պարույր Հովհաննիսյանը, Վահան Կոստանյանը, Ամերիկայում դիվանագիտական ծառայություն կատարող Լիլիթ Մակունցը, Իսպանիայում՝ Սոս Ավետիսյանը, Գերմանիայում Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնում են Հայաստանը, սակայն չունեն դիվանագիտական կրթություն: Մինչդեռ, համակարգում ներկայացուցիչների մեծ մասի աստիճանը արտակարգ եւ լիազոր դեսպան է, սակայն նրանք ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ` ո՛չ կրթություն ունեն, ո՛չ մասնագիտացում։


Ո՞ւր է այն ռեսուրսը, որը պետք է օգտագործվեր Հայաստան-Թուրքիա բանակցությունների համար, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանի անունից թուրք դեսպան Սերդար Քըլըչի հետ հանդիպմանը հայաստանյան ներկայացուցիչը լիներ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը դիվանագիտություն բառի հետ անգամ կապ չունի։ Այսպիսով, ինչի՞ համար է այն կառույցը, որը նպատակին չի ծառայում, ինչի՞ համար են ՀՀ պետական բյուջեից ներկայիս իշխանությունների օրոք միլիոնավոր ներդրումներ արվում, որոնք անարդյունք են մնում, եւ վերջապես ինչի՞ համար է դեռ կանգուն այն կառույցը, որն իր առաջնային նպատակը չի իրականացնում: Դիվանագիտությունը չի լուծում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, եւ շարունակ կրակոցն է իր «գործն անում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տեւական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները: Ամիսներ առաջ հանրահավաքի անհաջող փորձից հետո նոր մոբիլիզացիա է նա նախապատրաստում՝ հույս ունենալով իշխանությունը վերցնել։ Զուգահեռ հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել եւ ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի ճանապարհով ադրբեջանցիների հետ առեւտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են։ Մեզ պատմեցին, որ Բաբայանի անիրատեսական ծրագրերը դարձել են ասելիք, այն, որ նա բոլորին համոզում է, որ կարճ ժամանակում կարելի է հզորանալ, վերականգնել բանակը, եթե ինքը գա իշխանության»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բազմիցս գրվել է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու թիմակիցների շփումները դարձել են խիստ ձեւական եւ սառը: Շատերը նույնիսկ խուսափում են աշխատանքային կապեր պահպանել վերջինիս հետ՝ վախենալով, որ այն կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց համար: Իշխանության վերին էշելոններում համառորեն լուրեր են պտտվում, որ առկա են որոշակի տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թորոսյանի՝ նախարար աշխատած ժամանակ, ամենայն հավանականությամբ, covid 19-ի ֆինանսական հոսքերից բավական պատկառելի գումար է մսխվել, ապա դրա զգալի մասը դուրս է բերվել երկրից՝ ներդրվելով առողջապահական բիզնեսում: Մեզ փոխանցեցին, որ Թորոսյանի նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումը եւ Քովիդի գործով ուժայինների ակտիվությունը հենց այս գործի շրջանակներում էր: Թե որքանով են տվյալ լուրերը հավաստի, ու թե ինչքանով է Թորոսյանն ուղղակի կամ անուղղակի առնչվում այս ամենին, դժվար է ասել: Արսեն Թորոսյանի հետ ժամանակին մտերմիկ հարաբերություններ ունեցած անձանցից մեկը մեզ փոխանցեց, որ նրա երազանքն է լքել երկիրը ու աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:


Ըստ նույն աղբյուրի՝ Թորոսյանը հիմա ամեն ինչ անում է, որ դուր գա ԱՀԿ-ի բարձր ղեկավարությանը, նույնիսկ իր քայլերը տարբեր ճանապարհներով փորձում է հասցնել ԱՀԿ գլխադասային գրասենյակ. չի բացառվում, որ նրա քայլերը նույնիսկ ուղղորդված են դրսից: Ըստ այդմ՝ ստացվում է, որ, հանուն սեփական կարիերայի կամ սեփական անվտանգության ապահովման, Թորոսյանը կարող է անել քայլեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից: Իսկ թե որտեղ կհայտնվի Թորոսյանը եւ երբ, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ հավանական փոխարինողը։ Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում եւ հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ: ՔՊ նիկոլական թեւն անգամ հույս ունի, որ Ավինյանն ընտրություններից հետո, հասկանալով, որ անգլիական թագուհու կարգավիճակ ունի, հրաժարական է տալու՝ քաղաքային իշխանությունը թողնելով Փամբին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած որ ամառային հանգստի շրջան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերը բուռն աշխատանքային են: Նաեւ վերանորոգումների փուլում են իշխանությունները՝ պայմանավորված աշնանը սպասվող ավագանու ընտրություններով: Այս պահին վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շտաբը օգոստոսի սկզբից արդեն պաշտոնապես կգործի: Գլխավոր շտաբը պատրաստ լինելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, եւ կսկսվի բուն քարոզարշավը: Թեեւ խորհրդարանն ավարտել է իր աշխատանքները, բայց ՔՊ-ական պատգամավորներն ամեն շաբաթ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր են անում, հանդիպումներ կազմակերպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը: Այս ընթացքում ՔՊ-ականների համար օրակարգային է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի՝ Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չունեն: Բացի սա, այս ընթացքում վերանորոգվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որը Սայաթ-Նովա պողոտայից տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ Հանրապետական եւ «Դաշնակցություն» կուսակցությունների հարեւանությամբ: Կարճ ասած, ՔՊ-ն խրոխտ քայլերով գնում է նախկինների ճանապարհով:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվելու է լուծել ՊՊԾ աշխատակիցների՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման խնդիրը։ Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները: «Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 մլն 500 հազար դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 մլն 500 հազար․․․ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 մլն դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 մլն 300 հազար դրամ, 20 բնակարանի դեպքում՝ 26 մլն դրամ: Տարեկան կպահանջվի 76 մլն դրամ»,- նշված է նախագծում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։ Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա: Բայց, չնայած դրան, այսօր Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի նախկին նախարարին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։ Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ երկրի ղեկավարին: Որ հանկարծ ինչ-որ մեկը չգա ու զոնտիկով անսպասելի խփի կամ ասի՝ «դավաճան»։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանին հարցրինք այցի մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Լինելո՞ւ է նման այց, անվտանգության միջոցառումներն արդեն սկսվա՞ծ են՝ հարցրինք խոսնակին։ «Չի բացառվում, սակայն իմ կոմպետենցիան չէ, որ ես տեղեկացված լինեմ»,- ասաց նա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որ քաղհասարակությունից է խորհրդարան մտել, իր կարողություններն է մեծացնում: Պատգամավորը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, բնակարան եւ ավտոկայանատեղի է գնել։ Երկուսն էլ գնվել են նույն օրում՝ մարտի 20-ին, Արաբկիր վարչական շրջանում: Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որից 90 հազարը «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից է ստացել, 24 հազարը՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից, իսկ մնացածն էլ նրա աշխատավարձն է։ Թե ինչի դիմաց է դրամաշնորհներով աշխատող այդ կազմակերպություններից գումար ստացել Տիգրանյանը, հայտարարագրում չի երեւում: «Թրանսփերփնսի ինտթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախկին աշխատակիցը շատ բաներ փակել է հայտարարագրում: Բանն այն է, որ, «Պատգամավորի երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պատգամավորը կարող է միայն գիտամանկավարժական գործունեություն ծավալել: Թե այս ՀԿ-ները ինչ կապ ունեն գիտամանկավարժության հետ, ինչի դիմաց են վճարել Տիգրանյանին, դա էլ չի երեւում հայտարարագրում: Կարծում ենք՝ այստեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի: Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորը նաեւ վարկ ունի, որը հիփոթեք է՝ բնակարան ձեռք բերելու համար։ Հիփոթեքի գումարը տարվա վերջում կազմել է 22 մլն 212 հազար դրամ, սակայն վարկի մարման ծախսերի վերաբերյալ նախկինում թափանցիկության մասին զեկույցներ ներկայացնող Տիգրանյանի հայտարարագրում տեղեկություններ չկան՝ որքան է մարել, ինչ միջոցներից: