24.11.2024
Փաշինյանի համար չկա, գոյություն չունի ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ. Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Փաշինյանի լռությունը Միշել-Ալիևի բանակցություններում լեգիտիմացրեց Լաչինի միջանցքի փակումը

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքերին.


"Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե Ստեփականակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարցում ո՞րն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիևի հետ բանակցությունների սեղանին, եթե դա քննարկվել է։ Փաշինյանը նշել է՝ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։


Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել է, որ անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն ասաց․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։


Բրյուսելից հետո իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ տպավորություն էր, որ հայկական կողմ չի եղել բանակցային սեղանի շուրջ: Փաստորեն հենց այդպես էլ կար: Հայկական կողմը ներկայացնող անձը որևէ բառ չի ասել ու չի հակադարձել այս վտանգավոր ձևակերպման դեմ: Նա լուռ նստել է ու նայել, թե Ալիևն ու Միշելը ինչ են խոսում: Նրա լռությունը փաստացի լեգիտիմացրել է Լաչինի միջանցքի բլոկադան:


Մանդատի մասով էլ ասեմ, որ Փաշինյանը մանդատ չուներ Արցախի հարցում նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունից հրաժարվելու, ինչպես նաև Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանի մաս ճանաչելու համար: Նրան մանդատ էին տվել բոլորովին այլ քաղաքականության համար:


Այդ ինչպե՞ս է, որ երբ իրենից պահանջում են հայտարարություն կամ գործողություն, որը հակասում է մեր պետական շահին, Փաշինյանն առանց վարանելու մտածում է, որ ունի մանդատ, իսկ երբ պետք է լինում պաշտպանել մեր շահն ու տեսակետը, տեղում որոշում է, որ դրա համար ինքը մանդատ չունի: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է մեր վիճակը գնալով ծանրանում: Գլխավոր խնդիրը եղել ու մնում է բանակցողի մեջ",- գրել է ադրբեջանագետը: