VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում: Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել եւ «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուրի մասնակցությունը կարեւոր է Արցախի ու արցախցիների համար: Տեղեկացանք, որ ինչպես նախորդ, այս անգամ էլ Ստեփանակերտի հանրահավաքն առաջնորդելու է պետնախարարը։ Հիշեցնենք, որ նախորդ հավաքի ակտիվ մասնակիցներից էին Արցախի հակառուսական հայացքներ ունեցող ՀԿ եւ քաղաքական սեկտորի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբ՝ նրանցից պահանջում էին Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել։ Իսկ հայաստանյան հավաքի կազմակերպիչները ՀՀ-ում Արցախի տեղակատվական շտաբն է՝ ի դեմս ղեկավար Միքայել Վիրաբյանի։ Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում էլ տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բանն այն է, որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին էր կապիտալ վերանորոգվել այդ շենքը՝ ծախսվելով 124.5 մլն դրամ կամ մոտ 325 հազար ԱՄՆ դոլար։ Իհարկե, դրանից հետո էլ բազմաթիվ փոփոխություններ ու վերանորոգումներ է տեսել կառավարության այս մասնաշենքը. անցած տարեվերջին տեղադրվել է մոտ 16 մլն դրամանոց վերելակ, գնվել են թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ: Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար: Եւ այսքանից հետո կրկին հայրենի իշխանությունները որոշել են վերանորոգման աշխատանքներ անել: Ինչպես երեւում է, Նիկոլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում շատ ապահով է զգում, եւ չի բացառվում՝ որոշի կրկին հաստատվել այդ մասնաշենքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանին նրա անվտանգության աշխատակիցներն ասել են, որ կառավարության շենքի մոտ հաճախակի իրականացվող բողոքի ակցիաները շատ մոտ են լինում, եւ շենք մտնելն ավելի հեշտ է, ինչի համար էլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում ապահով է զգում: Բայց այդ իրավիճակում անհարմարություններ են առաջացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մասով, քանի որ հենց նրա աշխատասենյակում է տեղավորվել է Նիկոլ Փաշինյանը. Խաչատուրյանը այլ աշխատասենյակ է գնացել:
Օրաթերթը վարչապետի աշխատակազմից փորձեց պարզել, թե երբ կավարտվի Կառավարության շենքում վարչապետի աշխատասենյակի վերանորոգումը, ու արդյոք նպատակ ունի Փաշինյանը մնալ Բաղրամյան 26-ում: «Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում ներկայումս ընթացող նորոգման աշխատանքների պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել են… Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վարչապետը գործունեությունը կշարունակի Կառավարության շենքում»,-փոխանցեցին կառավարությունից։ Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին եւ ավարտին կհասցվի սեպտեմբերի 5-ին: Նիկոլ Փաշինյանը այն նույն Բաղրամյան 26-ում է, որը 2018-ի հեղափոխությունից հետո բացել էր իր դռները եւ հայտարարում էր, թե Բաղրամյանի այգում կարող են քաղաքացիները զբոսնել, իսկ հիմա ճաղավանդակները նորից զոդված են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է չմասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է: Ավելին՝ մեր հավաստի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները քննարկումների արդյունքում նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը եւ Միքայել Մանրիկյանը կընդգրկվեն ԼՀԿ ցուցակում՝ 2-րդ եւ 4-րդ համարներով, եւ նրանց ցուցակով կմասնակցեն ավագանու ընտրություններին, սակայն ավելի ուշ ԲՀԿ-ականները հրաժարվել են անգամ այդ ֆորմատով մասնակցել ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Ծառուկյանն է իր թիմակիցներին հորդորել, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով, ավելին՝ ասել է, որ օգնեն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին: Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ։
Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ քաղաքական թիմը շարունակում է քննարկումները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցով։ «Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երեւան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Ինձ համար այլեւս նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ, ավելի ստույգ՝ պարբերաբար, տարատեսակ շրջանակների կողմից ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին շահարկող տարատեսակ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում, սակայն ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ եմ համարում կոչ անել հավատալ բացառապես այն հայտարարություններին, որոնք պաշտոնական բնույթ են կրում։ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարություն կարող է անել բացառապես պարոն Ծառուկյանը կամ նրա կողմից լիազորված քաղաքական թիմի անդամներից որեւէ մեկը, իսկ մինչ այդ կասկածելի աղբյուրներից ծնունդ առնող ինֆորմացիաներին հորդորում են արժանահավատորեն չվերաբերվել»,-ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Նա իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանին երեկ հարցրինք, թե ինչպես են պատրաստվում նշել Աշոտյանի ծննդյան օրը։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու: «Կապված քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա հետ, երեւի ինքներդ էլ գիտեք, սկսած անօրեն բանտարկությունից` բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, դրանք կշարունակվեն նաեւ վաղը՝ որոշակի այլ շեշտադրումներով, բայց ժամանակից առաջ չանցնենք, վաղը մեր քաղաքացիները դա կտեսնեն։ Արմեն Աշոտյանին բանտարկելու թիվ մեկ նպատակն իրեն լռեցնելն էր, բայց, ինչպես տեսնում եք, իր ձայնը լսելի է նաեւ կալանավայրից եւ, ամենակարեւորը` սպասելի է մարդկանց համար։ Վստահ եմ, որ մարդիկ շատ ավելի շատ կսպասեն պարոն Աշոտյանի՝ ասուլիսից հետո ավանդական դարձած ստերի բացահայտմանը կամ, ինչպես Աշոտյանն է ասում, հերձմանը, այլ ոչ թե թիվ մեկ ստախոսի ստի հերթական չափաբաժնին»,- ասաց Մամիջանյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ իրավաբանական հանրության գերակշիռ մեծամասնության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, դադարեցրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առաջացավ դատավորի երկու թափուր հաստիք: Երեկ լրացավ այդ հաստիքները համալրելու համար փաստաթղթերը Դատական դեպարտամենտ ներկայացնելու վերջնաժամկետը, և, մեր տեղեկություններով, այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար, ի թիվս այլոց, փաստաթղթեր են ներկայացրել նաև ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը: ԲԴԽ այս երկու անդամները կողմ են քվեարկել ոչ միայն դատավորների լիազորությունների դադարեցման՝ հուլիսի 3-ի, այլև Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահ, պաշտոնավարման ժամանակահատվածում ԲԴԽ բոլոր որոշումներին, այսինքն՝ հլու-հնազանդ կատարել են Անդրեասյանի բոլոր ցուցումները: Եվ ահա, ինչպես խոսում են դատական համակարգում, Անդրեասյանը որոշել է պարգևատրել նրանց՝ նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Փաստորեն, ստացվում է, որ քվեարկելով Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունների դադարեցման օգտին՝ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանում ստեղծում էին այն թափուր պաշտոնները, որոնք հենց իրենք էին հավակնում զբաղեցնել: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ նշում էին, որ այս հանգամանքը պետք է որ գրավի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։ Բացի այդ, նա Ավանում եւս մեկ բնակարան ունի, որը նա գնել էր դեռ 2017 թվականին, եւ Եղեգնաձոր քաղաքում ունի հողամաս։ Արդեն 2022 թվականի ապրիլի 25-ին նա գնել է 2021 թվականի արտադրության Wolkswagen մակնիշի ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորն այդ ավտոմեքենան գնել է 17 մլն 860 հազար դրամով «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից։ Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1500 եվրո, 18 հազար դոլար եւ 1 մլն 300 հազար դրամից ավելի գումար։ Իսկ, ահա, նրա կանխիկ դրամը կազմել է 7 մլն 195 հազար դրամ, 253 հազար ռուբլի, 4 մլն 468 հազար դրամ, 7 400 դոլար, 8560 եվրո։ Մեկ տարվա ընթացքում նա 51 մլն դրամ է վաստակել, որից 7 մլն դրամը նրա աշխատավարձն է, 73 000 եվրոյի եւ 23 մլն դրամ եկամուտի աղբյուրները նշված չեն, իսկ 6 մլն դրամ էլ ստացել է գույքը օտարելուց։ Խոսքն ավտոկայանատեղիի մասին է, որը նա վաճառել է։ Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր եւ ազատվել էր աշխատանքից մի աղմկահարույց պատմությունից հետո։ Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբի հատվածում, գովազդային մեծ վահանակ է տեղադրվել: Վահանակը տգեղ ու անճաշակ դիզայն ունի եւ անգամ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են սկսել զայրանալ հրապարակավ: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ Շուրը, հրապարակային կոշտ գրառում է արել՝ քննադատելով վահանակի դիզայնը՝ «աննկարագրելի ուռոդություն» անվանելով, որը խանգարում է քաղաքացիներին: Իհարկե, անգամ ՔՊ-ականների քննադատություններն են անիմաստ, քանի որ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, որը գովազդի ոլորտի պատասխանատուն է, շուկայում իր «մաֆիան» է ձեւավորել: Արմեն Հարությունյանը, լինելով ՀՀԿ կադրերից, ավելի կոնկրետ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը, հիմա կարողացել է նոր շրջապատ ձեւավորել իր համար: Նա մտերմացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբոր, Երեւանի ավագանու անդամ Արման Հարությունյանի եւ վերջերս Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գարեգին Խաչատրյանի հետ: Կարելի է ասել, որ մայրաքաղաք Երեւանի գովազդային վահանակների ոլորտը փաստացի ղեկավարվում է այս եռյակի կողմից, իսկ իրավական հարցերը համակարգում է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սա է պատճառը, որ անգամ ՔՊ-ականների բողոքները դառնում են «ձայն բարբառո յանապատի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ: Այս ամենի հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան, այդ թվում՝ հասցեականության առումով: Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Խորին հարգանքներս մեր հայրենակիցներին, ովքեր մասնակից են բոլոր միջոցառումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում»։ Պատգամավորը հիշեցրեց իր ֆեյսբուքյան գրառումը, ուր նշել էր, թե անգամ շնորհակալություն չի պատրաստվում հայտնել, որովհետև ցավը բոլորինս է։ «Այդուհանդերձ, այս օրերի ընթացքին հետևելով՝ հուսով էի, որ, ի վերջո, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ առանց հասցեականության և առանց ՀՀ կառավարության առաջ պահանջ ներկայացնելու այդ ամենը որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը, ցավոք, իշխանությունների կազմակերպածն է։ Այն իշխանությունը, որը վախենում է Նիկոլ Փաշինյանից, այդկերպ նաև ժողովրդին է փորձելու ուղղորդել»,-ընդգծեց Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանը, միևնույն ժամանակ, հուսով է, որ հենց ժողովրդի մեջ կլինեն սթափ ուժեր, որոնք կգիտակցեն պահի լրջությունը. «Եթե իրականում ինչ-որ բան փոխելու նպատակ կա, պետք է պահանջները հասցեական լինեն։ Այն կոչերը, թե «ակցիաները քաղաքական չեն», մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում, քանի որ դրությունը, որում մենք այսօր գտնվում ենք, հենց քաղաքական է։ Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու։ Չեմ կարծում, որ այս տապին նաև հավատով ակցիաների եկած մարդկանց այդպես տգեղ ձևով օգտագործելը ճիշտ է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպես ասենք՝ անմիջականորեն ու ցուցադրաբար այդ թեզը չի հնչեցնում, դե, գոնե «առաջին դեմքերի» միջոցով, բայց տարբեր տրամաչափի իշխանական ու պրոիշխանական քարոզիչներ այն հաճախ են գործածում: Թեզը, որքան էլ պարզունակ է և անհայրենիքության կամ հայրենիքի զգացողություն չունենալու արտացոլանք, բայց գործածվում է ու շրջանառվում: Այդ թեզը բոլորիդ ծանոթ է, «ֆեյսբուքներում» էլ հաստատ շատերդ հանդիպած կլինեք, մոտավոր իմաստը սա է՝ «Արցախը թող արցախցիները պաշտպանեն...»: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջին հերթին այն, որ եթե 1918 թվականի մայիսի ճակատագրական, բայց հաղթական դարձած օրերին արցախցիներն էլ ասեին, թե՝ Երևանը, Էջմիածինը թող երևանցիները պաշտպանեն, ապա թուրքը Էջմիածինն էլ ավերած կլիներ, երևանցիներին էլ՝ կոտորած: Ովքեր չգիտեն սեփական երկրի պատմությունը, կարող են թեկուզ «գուգլել» ու պարզել, թե ինչպես է եղել Սարդարապատի ճակատամարտը: Բայց վերանանք «պատմական էքսկուրսներից»: Այդ թեզը, թե՝ Արցախը թող արցախցիները պաշտպանեն, Սյունիքը՝ սյունեցիները, Տավուշը՝ տավուշցիները և այդպես շարունակ, ավելին է, քան թշնամություն անելը, դա ամենաիսկական սրիկայություն է, հարված երկրի թիկունքին:
Ամենից վատն այդ թշնամական թեզի մեջ այն է, որ մի շարք հանգամանքների բերումով մասնատվածության հակված մեր ժողովրդի մի որոշակի զանգվածի մոտ այդ հիմարությունը նստվածք է տալիս: Առանց այն էլ պատմական Հայաստանի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մեր հայրենակիցները ինչ-որ հնար են գտնում ոչ միայն մեկը մյուսին էլ ավելի մասնատելու, այլև օտարվելու: Դա հասկանում է նաև թշնամին, որն էլ, անկախ այն բանից, թե ում տեսքով է ներկայանում, նման «քարոզներ» է տանում: Այդ թեզի հետևանքները դժվար չէ կանխատեսել: Արցախը կորցնելուց հետո արցախցիների հասցեին բացարձակ ապուշություններ դուրս տվողները շարունակելու են նույն հիմարությունը կրկնել, մի քիչ այլ տարբերակով: Օրինակ՝ այսպես. «Սյունիքը թող սյունեցիները պաշտպանեն, Վայոց ձորը թող վայոցձորցիները պաշտպանեն, Գավառը թող գավառցիները պաշտպանեն, Մարտունին թող մարտունեցիները պաշտպանեն, Իջևանը թող իջևանցիները պաշտպանեն, Դիլիջանը՝ դիլիջանցիները, Ճամբարակը՝ ճամբարակցիները, Գյումրին՝ գյումրեցիները, Երևանը՝ երևանցիները...»: Հիմարությո՞ւն է: Այո: Ճիշտ նույն կերպ հիմարություն ու թշնամություն է թեզը, թե՝ Արցախը թող միայն արցախցիները պաշտպանեն...