24.11.2024
Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Բացառիկ հնարավորություն՝ Դավիթ Տոնոյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի։ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, եւ պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին, որ արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում եւ իր ասելիքը բարձրաձայնի։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսի 16-ին արձակուրդ է մեկնում։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է նաեւ, որ Տոնոյանին հնարավորություն են տալու ընտրել՝ հանձնաժողովում հանդես գալ փա՞կ ռեժիմով, թե՞ ուղիղ եթերով, ինչպես արեցին վարչապետ Փաշինյանի դեպքում։ Քոչարյանը հույս ունի, որ դատարանը դրական որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է կրեատիվ քարոզարշավ իրականացնել Երեւանում: Իհարկե, Մանե Թանդիլյանը վաղուց է այդ գործն անում, սակայն ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում որոշել են բում անել: Քարոզարշավի իդեոլոգներն ասում են, որ անգլիացի քաղտեխնոլոգներ են ժամանելու, եւ չի բացառվում, որ քարոզարշավին անձամբ Ռուբեն Վարդանյանը մասնակցի, ում անվան հետ, հիշեցնենք, կապում են այս կուսակցությունը։ Հայաստան են հրավիրելու նաեւ ներդրողների՝ օդի մաքրման, աղբի վերամշակման գործարանի, ճոպանուղու կառուցման նախագծերի հետ կապված: Նրանք անձամբ են ներկայացնելու իրենց ծրագրերը՝ փորձելով երեւանցիներին վստահեցնել, որ իրենց թեկնածուի խոստումները թղթի վրա չեն մնալու, որ հաղթանակի դեպքում ներդրումներ են անելու եւ Երեւանը վերածելու են դրախտավայրի։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցության մարզային կառույցներից` մոտ 20 համայնքից, մարդիկ են գալու Երեւան` յուրաքանչյուր համայնքից 50-ական հոգի, այսինքն` մոտ հազար մարդ մասնակցելու է քարոզարշավին: Այս որոշումը կայացվել է «Ապրելու երկրի» քաղխորհրդի վերջին նիստում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու հարցով բաց է մնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցը. վերջինս զբաղված է իր սիրած գործով՝ գումար աշխատելով։ Նա ներկայացումներ է խաղում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Տիգրան Ավինյանի ու Մանե Թանդիլյանի պարագայում պարզ է, թե ովքեր են նրանց քաղաքական հենարանները, թիմակիցները, մարդիկ, որոնք կանգնած են նրանց հետեւում, իսկ Մարությանի իրավիճակը շարունակում է անհասկանալի մնալ: Նա քաղաքապետ էր դարձել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր, ու կապ չուներ, թե ով է անձը, կարևորը՝ ում կմատնանշեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նա ոչ միայն իշխանական թեկնածուն չէ, այլեւ չունի թիմ, ում վրա կհենվի։ Մեզ փոխանցեցին, որ Հայկի թիմը հիմնականում օպերատորներ, պրոդյուսերներ, ադմիններ էին, որոնք կարողանում էին լավ տեսանյութեր նկարել, միջոցառումներ կազմակերպել, բայց շատ թույլ ու անփորձ էին համայնքային խնդիրներն ընկալելու, դրանց լուծումներ տալու հարցում: Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանի համար խիստ տհաճ էր նույնիսկ առավոտյան ֆիքսված ժամին աշխատանքի հաճախելը, ժողովներ անցկացնելը, հարցերի մեջ խորանալն ու դրանց ադեկվատ լուծումներ տալը:


Հիշեցնենք, որ Մարությանն ամենաշատն աշխատավայրից բացակայող քաղաքապետն էր, հաճախ է «աշխատել» հեռավար, շատ էր իր հաշվին արձակուրդ վերցրել, ու բոլորին պարզ էր, որ նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում պետական պաշտոնում: Սրան էլ գումարած՝ անդադար կոնֆլիկտներ էր ունենում կառավարութան ու ավագանու անդամների հետ. փաստացի Մարությանի հետ արդյունավետ աշխատել չի ստացվել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հայկի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեզ փոխանցեցին, որ քիչ հավանական են համարում նրա առաջադրումը. եթե առաջադրվի ու ինչ-որ հրաշքով նորից քաղաքապետ դառնա, ապա, իր բնավորության համաձայն, արագ կհոգնի, կսկսի փնթփնթալ աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Անընդhատ տարբեր լուրեր են շրջանառվում՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված, քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, վերջերս լարվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հարաբերությունները։ Անդրեասյանը, ով դատական համակարգը որոշել է ամբողջությամբ կառավարել, Թադեւոսյանին զգուշացրել է, որ պիտի կապը խզի արտաքին աշխարհի հետ` իրավապահ եւ պետական մյուս մարմինների հետ չպետք է կոնտակտի մեջ մտնի՝ քրեական խնդրահարույց գործերի հետ կապված: Որ բոլոր կոնտակտները պետք է իրականացվեն իր միջոցով: Նա էլ պետք է բոլորին ասի` ճշտեք, դիմեք Անդրեասյանին՝ լինի դա կառավարություն, դատախազություն, թե այլ մարմին։ Թադեւոսյանի եւ Անդրեասյանի միջեւ լարվածության մասին տեղյակ են նաեւ իրավապահ համակարգի մյուս դերակատարները։ Մեզ պատմեցին, որ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է այցելել վճռաբեկ` մոտ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Թադեւոսյանի հետ: Դրանով մեսիջ ուղղելով Անդրեասյանին, որ ինքը չի կարող թելադրել գլխավոր դատախազին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ Արթիկի բանտում երկար ժամանակ է, պահանջում է արդարություն, չի հասնում: «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զնվորին, իմ թոռներին վաճառել եմ, թող տանեն, հրապարակային իմ ժողովուրդը ինձ մասնատի, գնդակահարի: Ինձ այն մարդն է մեղադրում, ով զինվորի ղադրը չգիտի: Ես պահանջում եմ արդարություն։ Հիմա դատավոր են փոխել, քրեական գործը նորից վերսկսել են: Իսկ իրականում իմ դեմ գործ են հարուցել մեկ բանի համար, որ ես հաճախակի դուրս եմ եկել երկրից, տարբեր երկրներում եմ եղել, արտագնա աշխատանքի եմ գնացել, եղել եմ նաեւ Թուրքիայում։ Հիմա եթե եղել եմ Թուրքիայում, այնտեղ էլ լիքը հայեր կան, ուրեմն իրենք դավաճա՞ն են: Կրկնում եմ՝ ես արդարություն եմ պահանջում, փաստեր, որոնք ինձ չեն ներկայացնում ու արդեն 26 ամիս կալանքի տակ են պահում»,- ներկայացրեց մեղադրյալը:


Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը: Մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որը Արթիկի բանտից ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ պահանջելով արդարություն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ նա հանդիսանում է 2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բնակարանի միանձնյա սեփականատերը։ Ըստ այդ նույն հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի։ Ծովինար Վարդանյանը «Հայէկոնոմբանկ»-ից փոխառություն ունի ստացած՝ 31 մլն 560 հազար դրամի չափով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.5 տոկոս է։ Տարվա վերջին հայտարարագրի համաձայն՝ նա իր բանկային հաշիվներին ունեցել է 288 հազար 199 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ առհասարակ գումար չի հայտարարագրել։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը 37 մլն դրամ եկամուտ է ունեցել, որից 7 մլն 896 հազար դրամը նրա պատգամավորական աշխատավարձն էր, իսկ 29 մլն 300 հազար դրամն էլ նրա վարկն է։ Նրա միակ ծախսը 3 մլն դրամն է եղել, որը վարկի մարման ծախսն է եղել։ Փաստորեն, նրա բոլոր ճամփորդությունները պետբյուջեի հաշվին են եղել. համենայնդեպս, պատգամավորը այդ մասին չի հայտարարագրել ոչինչ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնժողովի փոխախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝ դավաճա՛ն։ «Ապրիլ ամսին երեկոյան է եղել միջադեպը Աբովյան փողոցում՝ բոլորիս հայտնի Շրջանայինի հատվածում։ Պատգամավոր Բաքոյանն ինչ-որ մեկի հետ կանգնած զրուցում էր, ես տեսա, կանգնեցի ու նրան ասացի՝ դավաճա՛ն: Անկուսակցական եմ, որեւէ խմբակցության չեմ հարում, ուղղակի իմ գնահատականը իրենց գործունեությանը տվեցի: Բաքոյանի համար անակնկալ էր իմ ասածը, ու հետո տգեղ բառերով սկսեց հայհոյել, ինքը անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ, սակայն իր հետի անձը կանխում էր, որ առաջ գար: Ինքը որ այդպես ագրեսիվ ուզում էր առաջ գալ դեպի ինձ, հարցրեցի՝ առաջ ես գալիս, որ թքե՞ս, ձեզ մոտ լավ է ստացվում, քանի որ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքը նոր էր եղել: Այդտեղից ավելի ագրեսիվացավ, հայհոյեց: Ինձ մոտեցան կանայք եւ խորհուրդ տվեցին, թե՝ տղա ջա՛ն, շառ է, վերջացրո՛ւ, ու միջադեպն այդպես ավարտվեց»: Ըստ Սամվել Վարդանյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Բաքոյանը ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու. «Գիտեք, այս մարդը փորձում է խփել, ծեծել քաղաքացուն։ Մի քիչ տարակուսանք է առաջացնում՝ ոնց է նա պաշտպանելու իմ կամ, առհասարակ, այլ քաղաքացու իրավունքները»: Նշենք, որ Սամվել Վարդանյանը ամիսներ առաջ տեսել է նաեւ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրան եւս դավաճան է ասել, ինչի արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են, ու մինչ օրս նա չի կարողանում աշխատանք գտնել։ Շատերը հրաժարվում են ընդունել նրան։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մար­զերի եւ ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջա­նակը։ Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չի լինի Երեւանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահ­մանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։ Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում եւ Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երեւանում։ Այսպիսով, այս առավելությունից էլ կզրկվեն ՀՀ քաղաքացիները։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոստիկանությունը 1 միլիարդ 117 մլն 800 հազար դրամ ընդհանուր գնով «Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնել է «Շկոդա» մակնիշի 65 նոր ոստիկանական մեքենա։ Նշենք, որ «Շկոդա»-ները պարեկների վարած մեքենաներն են։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրն արժե 18 մլն 120 հազար դրամ։ Պայմանագիրը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքվել է հուլիսի 6-ին, մեքենաները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքումից 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան սեպտեմբերի 20-ին։ Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ 150 այդպիսի մեքենա էր գնել նույն կազմակերպությունից, իսկ վերջերս 50 մլն դրամ ուղղվել էր դրանց վերանորոգմանը։ Հայտնի է, որ այդ մեքենաները Հայաստանի պայմաններում իրենց չեն արդարացնում, եւ որոշ մասով գնումն իրականացվել է «Տոյոտա»-ից» բայց, փաստորեն, իրենց չարդարացրած «Շկոդա»-ներից էլ ձեռք չեն քաշում: Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ընկերությունը, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին: