27.11.2024
Արմեն Փամբուխչյանը կղեկավարի ՔՊ նախընտրական շտաբը
prev Նախորդ նորություն

Ձեռնարկել հստակ քայլեր՝ ԼՂ-ում ճգնաժամին արձագանքելու համար. Խաչատրյանը՝ ԵԽ-ին

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։


ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի արդյունքում զոհվել է չորս զինվոր։


Ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։


Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։


Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությամբ՝ Վեհաժողովը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի միակողմանի գործողությունների արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին առնչվող հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամի վրա։


Հորդորել է Նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար:


ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի են ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունը ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։