VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը հսկող դատախազները: «Ժողովուրդ» օրաթերթին դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ։ Թե որքանով են համակարգում տարածված այս խոսակցությունները իրական, ցույց կտա ժամանակը, սակայն երեկվանից համակարգում ակտիվ խոսում են այս մասին։ Տարածված լուրերի մասով մեկնաբանություն խնդրեցինք Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հերքեցին այն։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոնք Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրողներն էին։ Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչեւ ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաեւ մինչեւ օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը եւս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել: Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար եւս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երեւանի ավագանու ընտրություններն են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցելու նպատակով ԱԽ քարտուղարը հունիսի 7-8-ը գործուղվելու է Բելառուս՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերեւս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում, նա մշտապես բավականին կոշտ քննադատություններ է անում ՀԱՊԿ-ի հասցեին, մինչեւ անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր է պարբերաբար անում։ Արմեն Գրիգորյանն էր թերեւս այն թեզի հեղինակը, թե ՌԴ-ն ճնշում է Հայաստանին Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով են քննարկում, ճնշում չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են եւ առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է: Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 5-10-ը։ Ընդ որում՝ միայն գիշերակացն է հրավիրող կողմի հաշվին։ Այդ նույն որոշման մեջ նշվում է, որ մյուս ծախսերը կարվեն պետբյուջեի հաշվին: Արդեն Երեւան վերադառնալուց օրեր անց Վարդանյանը մեկնելու է Վիեննա՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար հունիսի 19-23-ը. այստեղ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների եւ կառավարության մի շարք անդամների միջեւ։ Հանդիպման կազմակերպիչը Գեւորգ Պապոյանն է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, որի հեղինակած խնդրահարույց օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք։ Պապոյանն ԱԺ է հրավիրել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք էլ կարծիք հայտնեն իր նախագծի վերաբերյալ, որը, ինչպես նշել ենք, օրենքի ուժ ստանալուց հետո շինարարական ոլորտում մենաշնորհ կձեւավորի։ Երկուշաբթի օրվա հանդիպումից հետո պարզ կդառնա չարաբաստիկ նախագծի ճակատագիրը, որի նկատմամբ առարկություններ ունեն նաեւ ՔՊ-ում՝ կընդունվի այն Պապոյանի՞ տարբերակով, թե՞ խմբագրումներով։ Հիշեցնենք. Պապոյանն առաջարկում է, որ հիպոթեքով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիների՝ բանկից ձեռք բերված վարկի գումարն ամբողջությամբ չտրամադրվի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցվի, մնացած 75-ը՝ այն ժամանակ, երբ բնակարանը կկառուցվի եւ կհանձնվի սեփականատիրոջը։ Մինչդեռ բանկային ոլորտի հետ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ Պապոյանին բացատրել են, որ այս դրույթն ընդունելու դեպքում բազմաբնակարաններ կկարողանան կառուցել միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Ի դեպ, Պապոյանը, մեզ հասած լուրերով, մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձեւավորված՝ Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2022 թվականի մայիսից չի գործում։ Այն ձեւավորվել էր պատերազմից հետո՝ «Սյունիքի մարզում առկա խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով», եւ ղեկավարում էր ներկայիս մարզպետ, ստեղծման պահին վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր էր հրավիրում, ախտորոշում խնդիրները եւ փորձում դրանց լուծում տալ։ Եվ չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, սակայն, մեր տեղեկություններով, կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին եւ նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ համայնքի վարչական շրջանի ղեկավար Յուրիկ Մուրադյանի կողմնակիցների եւ նախկին ու ներկա ոստիկանների միջեւ։ Ականատեսների պատմելով՝ համայնքապետն ու նրա մտերիմները, ավելի կոնկրետ՝ հարազատներից ՆԳՆ աշխատակից Ռաֆիկ Մովսիսյանը, ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։ Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման, Նորատունկյանին սեփական կնոջ աչքի առջեւ ծեծի են ենթարկել, «բազարը» շարունակվել է Դեղձուտում, սակայն քանի որ համայնքի ղեկավարն իշխանությունների մոլի աջակիցն է, իրավապահներն աչք են փակել գյուղում քննարկվող այս միջադեպի վրա, եւ փաստով գործ չկա հարուցված։ Ի դեպ, գյուղապետը նախկինում էլ ՀՀԿ-ի «տասովշչիկներից» էր։ Երեկ համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչից է առաջացել վեճը։ Նա սկզբում հերքեց միջադեպի փաստը, ապա խոստովանեց՝ պնդելով, որ ոչ թե ինքն է մասնակցել, այլ՝ ուրիշը․ «Մենք՝ բոլորս, մի խնջույքի էինք մասնակցում, կարծեմ՝ մատաղի արարողություն էր, չգիտեմ, թե ինչ պատճառով է եղել միջադեպը»: Հետաքրքրվեցինք՝ իրավապահները զբաղվո՞ւմ են գործով, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, դիմե՞լ է նրանց։ Մուրադյանն ասաց, թե «պանիխիդայի» է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն: Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված միջադեպը, ինչին ի պատասխան՝ Կոմիտեի լրատվականից հայտնեցին. «Փարաքարի գործով երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը հենց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ու երկրից բացակայելու արգելք դրվել։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Armlur.am-ը գրել էր, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։ Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»: