Փաշինյանը խոսեց արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հնարավորությունների մասին
Հայաստանի կառավարությունն իր ծրագրում նշել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու մտադրության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով փորձագետների այն կարծիքը, որ Երևանի` Վաշինգտոնից Մոսկվա և հետ նետվելը զրոյացնում է բոլոր ձեռքբերումները, և յուրաքանչյուր հաջորդ հանդիպում դառնում է ոչ թե շարունակություն, այլ նոր սկիզբ:
Նա նշեց, որ Հայաստանը չի փորձում երկու աթոռի վրա նստել, կառավարությունն ամեն ջանք գործադրում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու համար, ինչպես նախատեսված է ծրագրով։ Այդուհանդերձ, վարչապետը հավելեց, որ վերջին շրջանում աշխարհում տիրող իրավիճակից ելնելով հավասարակշռման հնարավորությունները նեղանում և նվազում են։ «Սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում մեզ համար»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի հավասարակշռված քաղաքականություն վարելու հնարավորությունների նվազումը ամենևին էլ չի նշանակում, որ իշխանությունն իրավունք ունի կտրուկ և չմտածված քայլերի դիմել։ «Այսինքն՝ խնդիր կա, բայց դրա լուծման ուղիներն ակնհայտ չեն»,- ասաց նա։
Վարչապետը նշել է. «Մեր շահերը մեկ տեղում չեն կենտրոնացված... Մենք հաճախ ենք խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորության մասին, այդ երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը) գործոններ են միջազգային ասպարեզում։ Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ պահպանել այս երկրների հետ, որպեսզի ապահովենք այդ հարաբերություններից առավելագույն արդյունք կամ նվազագույն վնաս այդ հարաբերությունների վերակազմավորումից»։