24.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ
prev Նախորդ նորություն

ՌԴ խաղաղապահների միջոցով բեռնատար է տեղափոխվել արգելափակված Շուշիի շրջանի չորս համայնք

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:

Այսօր վերջապես կարողացել ենք Արցախի կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:

Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով: Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով:

Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»,- գրել է նա: