24.11.2024
Պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար. Պետր Ֆիալա
prev Նախորդ նորություն

Հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից

Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Այս մասին Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարին կայացված միջանկյալ որոշման կոպիտ խախտում են: Արդեն չորս ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը: Սնունդը Լեռնային Ղարաբաղում վաճառվում է կտրոններով և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ:


Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ մեր գնահատմամբ Ադրբեջանի վերը նշված գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ:


Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար:


Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք, տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա",- ասել է Փաշինյանը: