Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև գոյություն ունեն բարիդրացիական հարաբերություններ, հաջող հարաբերություններ, որոնք մենք ուզում ենք էլ ավելի խորացնել: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
Նրա խոսքով, տեսանելի են այդ համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, հետազոտությունների և կրթության բնագավառներում:
"Նշեմ մի քանի ոլորտներ, օրինակ, միջուկային էներգետիկան և ընդհանրապես էներգետիկան: Միջուկային էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի համար: Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, մեր փորձագետներն ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են, և դա մեր հաջողված համագործակցության օրինակ է",- ասել է Ֆիալան:
Ապա անդրադարձել տարածաշրջանի խնդիրներին.
"Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են: Մենք տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին, քաղաքական իրավիճակը, անվտանգության, աշխարհագրական: Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: Մենք այդ հարցում համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Վարչապետի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը, ինչ խոսք, հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն, տևական լուծում գտնվի:
Կրկին շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այցի համար, շնորհակալ եմ, որ բաց և անկեղծ քննարկում ինձ հետ ունեցաք, շնորհակալություն չեխ-հայկական հարաբերությունների զարգացման համար, շնորհակալություն, որ նոր այլ ոլորտներ ենք որոնում համագործակցելու համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունն իր միջազգային քաղաքականության մեջ, միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ձեզ օգնենք տևական կայունության և խաղաղության հասնելու ձեր երկրում",- ասել է Չեխիայի վարչապետը: