Հայաստանը տարածքային պահանջներ չունի մեր հարեւանների նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով:
Այս մասին ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
"Այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:
Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով",- ասել է Սիմոնյանը: