ՀՀ ԱԺ-ում քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունները
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը:
Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օր օրի վատթարացող հումանիտար վիճակը՝ մասնավորապես ընդգծելով պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները: Միջանցքի բացման հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա:
Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը: Պատգամավորը խոսել է նաեւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականի մասին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների խորացմանը: Օրենսդիր մարմինների փոխգործակցության համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի գործունեությունը: