Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությունը է տարածել իրավապահ մարմինների կիրառած անհամաչափ ուժի և բռնության անթույլատրելիության վերաբերյալ:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր:
ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում են բռնության և ոչ համաչափ ուժի կիրառման առերևույթ դրսևորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ:
Դրանց շրջանակում վերջնական դիրքորոշումն ու արդյունքները հնարավոր կլինի ամբողջական ամփոփել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրավասու պետական մարմիններից համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:
Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է դրսևորեն պատշաճ և իրավաչափ վարքագիծ՝ հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը և երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը:
Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն համաչափ, ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ երեւանյան ակումբերից մեկում («Պոլիգրաֆ» ակումբ) ոստիկանությունը վերջերս գործողություն էր իրականացրել` ենթադրաբար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: Ակումբի սեփականտերերը և հաճախորդները ոստիկանությանը մեղադրել են անհամաչափ ուժի կիրառման և բռնությունների համար:
Հղում անելով այդ գործողության մասին պատմող տեսանյութներին և վկայություններին` իրավապաշտպանները գնահատում են տեղի ունեցածը` որպես մարդու իրավուքնների մասսայական խախտում:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 2023 թվականը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր բոլոր ստորաբաժանումների կողմից: Ակումբները, նրա խոսքով, բացառություն չեն: "Փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության", - ասել է նա: