23.11.2024
«Պոբեդան» բարձր գների պատճառով հրաժարվում է «Զվարթնոցից»
prev Նախորդ նորություն

Հայաստանում նվազում են գազի սակագները. նախընտրանկան ակցիա՞, թե՞ տնտեսական քայլ

Հայաստանում գազի սակագների իջեցման «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտ շատ նման է կարճաժամկետ նախընտրական ակցիայի, եւ սակագները կարող են կրկին բարձրանալ մյուս տարվա հուլիսին: Մյուս կողմից սակագների իջեցման բեռը Հայաստանի գոնե սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների մասով տեղի է ունենանալու պետական բյուջեի հաշվին, իսկ սա նշանակում է ոչ թե իրական գազի իջեցնում, այլ ուղղակի վճարողի փոփոխություն:

Գազի սակագնի տարբերակված նվազման մասին կառավարության փոփոխությունից հետո խոսեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին դրույթ ամրագրվեց նաեւ կառավարության ծրագրում, ինչպես նաեւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին պրոֆիլային գերատեսչություններին:

Գազի սակագինը, համաձայն Հայաստանի գազատրասնպորտային համակարգի մոնոպոլ շահագործող «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, չի փոխվել սահմանին: Այսինքն՝ Ռուսաստանը չի իջեցնում Հայաստան մատակարարվող գազի սակագները: Տեղի է ունենում միայն ներքին՝ վերջնական սպառողների համար նախատեսված սակագների իջեցում: Սոցիալապես անապահով խավերի համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ: Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)՝ ներկայիս 146 հազարի փոխարեն:

Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը): Նույն սակագինն է սահմանվում վերամշակող կազմակերպությունների համար: Իսկ ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը):

Թեպետ համաշխարհային շուկայում գազի գները նվազում են, ինչը պամանավորված է նավթի միջազգային գների անկմամբ, սակայն վերջերս այս միտումները կայունացման նշաններ են ցույց տալիս: Ուստի այն, որ «Գազպրոմ Արմենիան» սակագների վերայանման հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հիմա, սա, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, նշանակում է, որ ՀՀ բանկիչները երկար ժամանակ գազի համար վճարել ենք ավելի շատ, քան իր իրական արժեքն է: «Սահմանին գազի գին անփոփոխ է, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն չկա, միջազգային մակարդակում գազի գնը նվազել է, սակայն այն չի կարող հավերժ իջնել: Սրանք այն հիմնական գործոններն են, որ ազդում են գազի սակագնի վրա՝ իջեցնելով կամ բարձրացնելով այն: Մյուս կողմից, եթե սահմանին գազի սակագինը չի փոխվել (1000 խմ-ի դիմաց 150 դոլար), իսկ ջերմոցային ու վերամշակվող տնտեսությունների համար սահմանվում է 212 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն չեն օպտիմալացվում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպության ծախսերը, չեն իջեցվում կորուստները եւ չի բաձրացվում աշխատանքի արդյունավետությունը, ապա նշնակում է ընկերությունը վնասով է աշխատելու, կամ էլ պետությունը փորձելու է փոխհատուցել դրանք: Մեծ հաշվով, մենք սուբսիդավորում ենք «Գազպրոմ Արմենիայի» անարդյունավետությունը», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ «Գազպրոմ-Արմենիան» վնասով աշխատող ընկերություն է. 2015 թվականը փակվել է շուրջ 10.7 մլրդ դրամ վնասով:

Միեւնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», հայտարարելով գազի սակագների իջեցման հայտի մասին, ներկայցրեց նաեւ «կապույտ վառելիքի» գնի իջեցման հիմնավորումները, որոնք, հիմնականում, բխում են ակնկալիքներից: Համաձայն տարածած հաղորդագրության, դրանք են, Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի ակնկալվող նվազեցում, գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ, ըկներության ֆինանսական ծախսերի օպտիլամալացում, ինչը տեղի է ունենալու «Գազպրոմի» «դստեր» ֆինանսական պարտավորությունների նվազեցման եւ ներդրումային ծրագրերի վերանայման միջոցով, եւ, վերջապես, նախատեսվում է ստանալ որոշակի ֆինանսական աջակցություն «Գազպրոմից»՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:

Հատկապես ներդրումային ծրագրերի մասով Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ին «Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ, պետք է ներդրումային ծրագիրը ներկայացներ, սակայն դեռ չի ներկայացրել: Այնուամենայնիվ ըստ Մանուկյանի սա կարճաժամկետ ծրագիր է, քանի որ պետական բյուջեն իր սուղ միջոցների հաշվի այս բեռը չի կարող երկար «քարշ տալ»: «Եթե հունվարին անգամ էժանանա գազի սակագինը, հուլիսին կրկին թանկանալու է», - նշեց նա:

Քննարկման մյուս բանախոս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ գազի սակագինը չի նվազել, այլ «փոխվել է վճարողը»: «Սակագնի նվազեցումը սուբսիդավորելու է պետությունը: Այն 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք պետք է օգտվեն զեղչերից, եթե սպառելու են մինչեւ 600 խմ գազ, ապա նրանց համար սակագաների նվազեցումը մուծելու է կառավարությունը: Սա նշանակում է «Գազպրոմին» ավելի երաշխավորված մուծումներ: Սա, իհարկե, սպառողի համար լավ է, բայց պետության, տնտեսության վրա անդառնալի ազդեցություն կունենա՝ մրցակցությունը շատ կտուժի», -ասաց նա՝ հավելելով, որ սա «միայն եւ միայն նախընտրական քայլ է»: «Մեկ այլ խնդիր էլ կա, քանի որ դեռ պարզ չէ ջերմոցային տնտեսությունների համար ով է վճարելու, էլի՞ սուբսիդիա է: Այս հարցի դեռ պատասխան չկա», -ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով հատկապես ջերմոցային տնտեսություններին տրամադրած զեղչերի մասով «բացվում է կոռուպցիայի լայն դաշտ»: «Կան շատ ջերմոցներ, որ ամսական չեն օգտագործում նախատեսված գազի ծավալ, ուստի նրանք ստիպված պետք է գազն օգտագործեն, կամ պայմանվորվածության գան տեսուչի հետ, որպեսզի իրենք ընկնեն զեղչի տակ», - հավելեց նա:

Քննարկման բանախոսներից Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը ողջունեց ոլորտի համար նախատեսվող գազի սակագների զեղչը, սակայն տարակուսանք հայտնեց առ այն, որ սա ժամանակավոր ակցիա է լինելու: Ջերմոցային տնտեսություններում գազի ծախսը մոտ 40 տոկոս է կազմում ընդհանուր ծախսերի մեջ:

«Ուստի սա կարող է ինչ-որ չափով ազդել ջերմոցային տնտեսույթուններում արտադրվող ապրանքների սակագների վրա, եթե իհարկե լինի երկարաժամկետ ծրագիր: Այն կարող է նաեւ խթանել մարդկանց ջերմոցներ հիմնել, ինչը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար: Սակայն եթե այն իսկապես կարճաժամկետ է, ապա ոչինչ չին փոխի ոլորտում: Ներդրողը նմանատիպ ակցիաներով ներդրումներ չի կատարի, նրան պետք է ապագայի համար ցածր եւ կանխատեսելի սակագներ», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այժմ կա շուրջ հազար ջերմատներ, սակայն գազի ներկայիս սակագների պայամաններում տարեց տարի դրանց թիվը կրճատվում է, քանի որ բիզնեսը դառնում է շատ անարդյունավետ:

«Մյուս կողմից էլ ՀՀ իշխանությունները թույլ են տալիս անարգել Հայաստան մուտ գործել թուրքական արտադրության լոլիկի մեծ խմբաքանակներ, որն ուղղակի չի թողնում տեղի արտադրողին շնչել», - հավելեց նա: