2.09.2024
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց նոր ցեղասպանությունների իրականացման. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ֆրանսիայի Սենատի պատվիրակության անդամները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է Սենատի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարը առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար: «Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել՝ սա անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը:


Բրունո Ռետայոն իր հերթին նշել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը»: Պարոն Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում:


Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:


Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:


 


 

Կփրկվենք, եթե փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով. Ռուբեն Վարդանյան
Հաջորդ նորություն next