24.11.2024
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. Պատել
prev Նախորդ նորություն

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյան

Լաչինի միջանցքում, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը կտրականապես անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի անվտանգության ողջ գոտուց և ՄԱԿ-ի անդամ երկրներին, որոնք ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել դատարանի որոշումը կատարելու համար»,- գրել է Սիմոնյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ադրբեջանը պաշտոնապես արգելափակեց Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։


"Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ",- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: