ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել. ՀՀ Կառավարություն
Հայաստանի կառավարությունը իր ծրագրի կատարման մասով հրապարակված զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիային՝ ներկայացնելով միջազգային արձագանքը:
Ըստ այդմ, նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։
Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել:
Մանրամասները՝ այստեղ