1.09.2024
Ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են
prev Նախորդ նորություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին ասվում է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում: 

Գանգատներն են՝

1. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ,

2. գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ,

3. Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ,

4. Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության
քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։


Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին:

Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել. ՀՀ Կառավարություն
Հաջորդ նորություն next