Ազգային ժողովի շենքն ավելի լավ է հսկվում, քան Հայաստանի սահմանները. Մամիջանյան
Իշխող թիմի համար Հայաստանի սահմանն անցնում է կառավարական ամառանոցներով և նրանց գրասենյակներով, նրանք պաշտպանում են միայն դա։ Այս մասին այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, Ազգային ժողովի շենքն ավելի լավ է հսկվում, քան Հայաստանի սահմանները: Պատգամավորը զարմացավ, թե ինչպես կարելի է խոսել երկրի անվտանգության մասին այն պայմաններում, երբ ադրբեջանցի մարդասպանը 2 օր է, ինչ հանգիստ շրջում է երկրում։
«Համոզված եմ, որ եթե ադրբեջանցի դիվերսանտը եթեր դուրս գա և ասի ոչ թե այն, ինչ ասել է, այլ, օրինակ, ասեր՝ «Նիկոլը դավաճան է», վայրկյանների ընթացքում նրան կհայտնաբերեն»,- կարծիք հայտնեց ընդդիմադիրը։
Պատգամավորն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ մի շարք հարցեր է առաջացնում: Այն, որ առաքելությունը չի էլ թաքցնում, որ տեղեկատվություն է փոխանցում Բաքվին։ Սրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունները նշում են, որ իրենց հասանելի չեն առաքելության զեկույցները. «Ստացվում է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվության հասանելիություն ունի, իսկ հայկականը՝ ոչ",- հավելեց Մամիջանյանը: