ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը դիտարկվելու է հանցագործություն․ օրինագիծ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել եւ քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու կամ տեղեկություն չհայտնելու համար:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից ՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:
Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը:
Ըստ պատգամավորի՝ փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման հարցերն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա:
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, հնչել են նաեւ առարկություններ, որոնք, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, կքննարկվեն եւ հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու եւ շրջանառության մեջ դնելու համար:
Քննարկմանը մասնակցել են իրավապահ մարմինների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: