VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ Տեղ գյուղի տարածք ադրբեջանցիների ներթափանցումից մեկ օր հետո Փաշինյանը կառավարության նիստում գրեթե երդվեց․ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել»։ Նույն օրը ԱԱԾ-ն հերքեց սա՝ հաղորդելով․ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել է ինժեներական աշխատանքներ։ Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։ Ապա եկավ ԱԱԾ-ի ստելու ժամանակը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունը տարածեց, թե ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն «էականորեն բարելավվել է»։ «Բարելավվելը ո՞րն է, որ մարդկանց հողերի մեջ ադրբեջանցիները 11-րդ պոստն են արդեն դրել»,- մեզ հետ զրույցում տարակուսել էր Արավուսի նախկին վարչական ղեկավար, համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, ում հաշվարկով՝ ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Երեկ էլ տեղեկացանք, որ Տեղ գյուղի տարածքում մի քանի ոստիկանական անցակետ է տեղադրվել, եւ թույլ չեն տալիս բնակիչներին՝ գնալ իրենց այգիները, որոնք զավթել է ադրբեջանական զինուժը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի կալանավորված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հաշիվների եւ գույքի վրա կալանք չի դրվի։ Երեկ դատարանը մերժել է նման որոշում կայացնել։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12 ին երկու ամսվա ժամկետով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկ»-ի տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ կարծում է, որ քավոր կամ սանիկ լինելու համար չեն կարող իրեն դատապարտել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան: Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միասնական որոշում ունի արդեն այս հարցում: Բանն այն է, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն արդեն «սցենար» են մշակել, որ պետք է իբրեւ պատճառաբանություն բերեն Ղազարյանի խիստ քաղաքականացվածությունը, մտադիր են հիշեցնել նրա նախկինում արած հայտարարությունները եւ գրառումները, որտեղ քննադատում է գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, որ Էդգար Ղազարյանը չի համապատասխանում չափորոշիչներին եւ չի կարող «անաչառ» օմբուդսմեն լինել: Իսկ թե որքանով է իրենց թեկնածուն (որը հանրության համար ոչ հայտնի դեմք է) համապատասխանում Սահամանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված չափորոշիչներին, ՔՊ-ականներն իրենք էլ թերեւս այս հարցի պատասխանը չունեն: Կառավարությունից պարտադրել են կողմ քվեարկել, ուրեմն կքվեարկեն:
«Հրապարակ» թերթը գրում է. Գլխավոր դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ երեկ դատախազությունից ասացին՝ մեկնաբանություն չունեն։ Իսկ կեսօրին, 72 ժամ ձերբակալությունից հետո Սահակյանն ազատ արձակվեց, օրենքի պահանջով։ Որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի, դատախազությունը նախ պետք է ԱԺ-ի համաձայնությունը ստանա։ Ըստ օրենքի, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քննարկվում է միայն հերթական նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 11-ին։ Ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ընդդիմադիրին խստորեն պատժել. միջադեպից րոպեներ անց ՔՊ-ականները հավաքվել են «դեպքի վայրում»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ոմանք պնդել են, որ դատախազը պետք է մտնի ԱԺ։ Սակայն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցած միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր կանադահայ քաղաքացու դեմքին, կարող է անհնարին դարձնել Սահակյանի նկատմամբ հաշվեհարդարը, քանի որ հանրային բողոքի ալիք կարող է բարձրանալ։ Կստացվի, որ Վահագն Ալեքսանյանին եւ Ալեն Սիմոնյանին թույլատրված է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել, իսկ ընդդիմությանը՝ պաշտպանվել՝ ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Մենք գրել էինք, որ վիճաբանությունը եղել է այն բանից հետո, երբ փակ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, հանձին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, խոսել է Հռոմի կոնվենցիայի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց՝ ասելով, թե այս իշխանությունները կրկին փորձանք են բերում: Այս խոսքերին արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարել, թե ՀՅԴ-ն է փորձանք բերել, ինչին հետեւել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»: Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ հարվածել է։
Եվ, ահա, այդ դեպքից ժամեր անց Ազգային ժողովի շենքում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները տարածվեցին համացանցում եւ սոցիալական կայքերում: Ընդ որում՝ այդ տեսաձայնագրություններն առաջինը տարածել էին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվական կայքերը: Ուշագրավ է, սակայն, որ ամենաակտիվն այս հարցում եղել է medianews-ը, որի հիմնադիրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, այսինքն՝ նա օգտագործել է իր լծակները՝ այդ տեսանյութերը ունենալու եւ առաջինը տարածելու համար: ArmLur.am-ը փորձել էր հենց Տարոն Չախոյանից հասկանալ, թե ինչպես է այդ տեսանյութն առաջինը հայտնվել իրեն պատկանող լրատվամիջոցում, սակայն վերջինս հայտարարեց. «Շատ բան են կապում իմ անվան հետ, դա դեռ չի նշանակում, որ ես կապ ունեմ»։ Իհարկե, նա փորձում է հերքել թե՛ իր կապ ունենալը, թե՛, որպես պաշտոնյա, իր լծակներն օգտագործելով այդ տեսանյութը ստանալու հանգամանքը. փաստերն ինքնին խոսուն են: Հավելենք, որ այս հարցով Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել՝ հասկանալու համար, թե ինչպես են տեսախցիկների տեսագրությունները տարածվել: Այս մասին մեզ հայտնել էր ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը: ArmLur.am-ը հետամուտ կլինի այս հանգամանքին՝ պարզելու, թե ՊՊԾ ենթակայությամբ կառավարվող տեսախցիկների նկարահանածը ինչպես հանրային դաշտ մտավ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից անմիջապես հետո իշխող ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանն անմիջապես զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն եւ պահանջել, որ լրագրող ուղարկեն ԱԺ՝ միջադեպը լուսաբանելու: Ըստ ՔՊ-ական պատգամավորներից մեզ հասած լուրերի՝ Կոնջորյանն այդ պահին անգամ Ազգային Ժողովում չի եղել, շփոթված զանգահարել է Հ1-ին, փոխանցել է, թե ծեծկռտուք է եղել Արծվիկ Մինասյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ: Լրագրողները, այդ ինֆորմացիան ստանալով, հասել են ԱԺ ու պարզել, որ իրականում մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ է եղել վիճաբանությունը: Ստացվում է՝ Կոնջորյանը, անգամ դեպքի մանրամասներին չտիրապետելով, շտապել է Հ1-ից լրագրող «պահանջել»: ՔՊ պատգամավորները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ Հայկ Կոնջորյանը Հ1-ի լուրերի տնօրենին է արդյոք զանգել ու լրագրող «պահանջել», թե ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի կնոջը, որը խմբագիր է աշխատում այնտեղ: Ամեն դեպքում, կատարվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն վերցնել Հայկ Կոնջորյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ է անում, չպատասխանեց հեռախոսազանգերին եւ մեր նամակներին: Մենք չկարողացանք պարզել, թե որ իրավունքով է ՔՊ խմբակցության ղեկավարը զանգահարել Հ1, այլ ոչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, նախօրեին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։ Նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ քպականին հարվածելու համար և երեք օր գտնվում էր ձերբակալվածների պահման վայրում։ Մեր տեղեկություններով, Սահակյանի թեման լուրջ քննարկման առիթ է դարձել ՔՊ-ում: Ի մասնավորի, «նեղ» շրջանակով քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, ՔՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ գլխավոր դատախազն անպայման պետք է միջնորդություն ներկայացնի Սահակյանին մեղադրանք առաջադրելու և անձեռնմխելիությունից զրկելու համար: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպիսի ընթացքին կտրուկ դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք չէ ավելորդ «գրուզի» տակ մտնել, ավելի լավ է թեման լուծել «բարոյական տիրույթում», և առաջիկա քառօրյային ԱԺ-ում «ցեխը կոխել» ընդդիմադիրներին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նման «որոշման» համար կան խորքային պատճառներ: Բանն այն է, որ ՔՊ-ն այս առումով «վիլկայի» մեջ է. բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են: Ուստի, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե ընթացք տան Սահակյանի «գործին», ապա նորից ջրի երես դուրս կգան քպական մի շարք պատգամավորների «քաջագործությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022 թ․ գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։ Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։ Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563-ով՝ 3 հազար 357 դեպք։ Աճել են նաեւ կաշառք տալու, փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը։ Կոռուպցիոն հանցագործությունների գծով քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ, այդ թվում՝ դատավորներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում Նիկոլից ավելի Նիկոլ են անվանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառույցները բոյկոտում են Մակունցին։ Եվ այն, որ դեսպանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարված ՀՅԴ արեւմտյան կառույցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին: Մակունցին առհասարակ ամերիկահայ համայնքը լավ չի ընդունում, չնայած նա փորձում է ցույց տալ, թե այդպես չէ՝ նկարվելով ցանկացած հայի հետ եւ տարածելով այդ հանդիպումների լուսանկարները։ Եղել են անգամ դեպքեր, երբ հայերից ոմանք, հանդիպելով նրա հետ, խնդրել են չհրապարակել, քանի որ համայնքն իրենց չի հասկանա, սակայն նկարները, այնուամենայնիվ, հրապարակվել են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ալեքս Տեքստիլի» պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում, եւ պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Այսինքն՝ երբ ասվում էր, թե Սամվել Ալեքսանյանն է պատվիրել որ «Նոր Զովք»-ին պատժեն, ճիշտ չէր: ՊԵԿ-ը նաեւ «Ալեքս»-ի հետեւից գնաց:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության իմացած բոլոր «երգերը» այլոց մեղավորության մասին են: Ինչ էլ լինի, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում: Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին, ապա Հայաստանում իրավիճակը հիմա ոչ թե բացարձակ կործանումային կլիներ, այլ, այսպես ասենք՝ նախակործանումային կամ կիսամղձավանջային: Նախօրեին, հասկանալի է, թե ինչ քարոզչական հնարք կիրառելով՝ շրջանառության մեջ նետվեց 44-օրյա պատերազմում իբր «11 հազար դասալիքների» ֆեյք թեման: Հաշվարկն արդարացված էր այնքանով, որ խայծը գրավեց շատերին: Սակայն դա չէ էականը, ու, բնականաբար, կշրջանցենք այդ խայծը: Առավել հատկանշական է այլ բան: Տարիներ շարունակ, անկախ այն բանից, թե ինչպիսի «չէ-պէ» է եղել, ինչ պատահար, ինչ աղետ, քանի մարդ է զոհվել կամ մահացել, Նիկոլ Փաշինյանը և նրան պատճենող յուրայինները առաջին բանը, որ արել են, զանազան «մեղավորների» փնտրտուքն է եղել: Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:
Չէ՛, լուրջ, կարծես ամեն ինչ գնում է նրան, որ Փաշինյանը մի օր օրինակի համար այսպիսի ուղերձով հանդես գա. «Ի՞նչ եք ուզում ինձանից. երկիրը պատերազմի տարել եմ, բանակի ողնաշարը ջարդել եմ, հազարավոր զոհեր եմ տվել, կապիտուլ յատիվ հայտարարություն ստորագրել եմ, Արցախի ու Հայաստանի ահռելի տարածքներ թշնամուն տվել եմ, այդ թվում՝ առանց մի կրակոցի, «ադրբեջանական ժողովրդին» բերել ու Հայաստանի տարբեր հատվածներում գերիշխող դիրքերում նստեցրել եմ, բայց դուք էլի ինձ ընտրել եք, էլի դրել եք պետության ղեկին: Ամեն օր ու ոնց ասես՝ ձեզ խաբել եմ, կեղծ ու սուտ խոստումներ տվել եմ, ստերի հերն առհասարակ անիծել եմ... Բայց մեկ է, դուք էլի ինձ ընտրել եք, էլի հանդուրժել եք, էլի թողել եք իշխանության ղեկին: Է՜հ, ես, ասենք, հա՛, պատասխանատու եմ, կամ՝ անպատասխանատու եմ, բայց ե՞ս եմ մեղավոր: Չընտրեիք, չհանդուրժեիք: Այդ դո՛ւք եք մեղավոր այն ամենի համար, ինչ որ արել եմ...»: Անհայտ է՝ կասի՞ Փաշինյանը նման բան: Բայց եթե ասի, երևի այն եզակի, բացառիկ դեպքերից կլինի, որ ինքն իրավացի կլինի: