ԱԺ պատգամավորները խոսել են խաղաղության միջազգային երաշխիքների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«Քննարկման ընթացքում առանձնահատուկ նշվել է Լաչինի միջանցքի բացման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարմանը Ադրբեջանին պարտադրելուն ուղղված Ֆրանսիայի և Եվրամիության կողմից գործուն քայլեր կիրառելու անհրաժեշտության կարևորությունը։ Նշվել է նաև ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, ինչը որոշակի զսպող գործոն է հանդիսանում Արդբեջանի ագրեսիայի համար։ Հաշվի առնելով վերջինս, առաջարկվել է միջոցներ ձեռնարկել դիտորդների թիվը ավելացնելու և ժամկետը երկարաձգելու հետ կապված։
Քննարկվել է նաև խաղաղության պայմանագիր կնքման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրության սատարման և երաշխիքների տրամադրման կարևորությունը։ Այցելության ընթացքում ունեցել ենք նաև մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի առողջության ապահովագրական համակարգի ուսումնասիրության հետ կապված։
Մասնավորապես, հանդիպում ենք ունեցել Ազգային Ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆադիլա Խատաբիի և հանձնաժողովի անդամների հետ, ինչպես նաև առողջապահության նախարարության, ապահովագրական հիմնադրամի, ապահովագրական ընկերությունների միության, վերահսկողություն իրականացնող գործակալության գործընկերների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Զեյնալյանը։