Մարտի 27-ին Երևանում կայացավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի փորձագետները ներկայացրեցին իրենց զեկույցները եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ընթացիկ արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին մոտեցումներ և համատեղ առաջարկներ՝ տարբեր մակարդակներում համագործակցությունը բարելավելու համար:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցող փորձագետները միակարծիք էին՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերեց մեր երկրին, ինչը հաստատվում է կոնկրետ թվերով ու ցուցանիշներով։
Հաջողությունը և հետագա տնտեսական զարգացման հիմնական վեկտորը
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանը ոչ միայն շատ հետաքրքրված է եվրասիական ինտեգրմամբ, այլև այն կարևոր է մեր երկրի համար, քանի որ ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանը մեծացնում է իր տնտեսական ներուժը։ Վերջին 8,5 տարիների ընթացքում, նրա խոսքով, ԵԱՏՄ երկրների ուղղությամբ ՀՀ ապրանքաշրջանառությունը 10 անգամ աճել է, և դա ոչ միայն Հայաստանի հաջողությունն է, այլ նաև տեսանելի ապագայում տնտեսական հետագա զարգացման հիմնական վեկտորը։
«Իսկ եթե ռեցեսիա լինի, կամ աշխարհի 50 զարգացած և զարգացող երկրներում տնտեսությունների արդյունաբերական արտադրանքի տոտալ անկում կլինի, նույնիսկ այս դեպքում Հայաստանը կունենա ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Եվ դա կորոշի մեր քաղաքական զարգացման վեկտորները»,- ասաց նա։
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման թեմային՝ Սաֆարյանը նշեց, որ դա շատ լուրջ հետք է թողնում Ռուսաստանի և ինտեգրացիոն նախագծերում իր դաշնակիցների հարաբերություններում: Եվ այո, Հայաստանը կանգնած է արևմտամետ ուժերի և Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կողմնակիցների առճակատման թատերաբեմ դառնալու մեծ գայթակղության առաջ, բայց կարևոր է զգուշացնել հայկական քաղաքական շրջանակներին զերծ մնալ երկիրը աշխարհաքաղաքական խաղերի համար պայքարի հարթակ դարձնելուց. «Դա կարող է ամենավատ ազդեցությունն ունենալ մեր ժողովրդի ճակատագրի վրա, տնտեսական զարգացման այն փխրուն ծիլերի վրա, որոնք մենք սկսել ենք գրանցել մեր երկրում վերջին 2,5 տարիների ընթացքում»,- ընդգծեց քաղաքագետը։
Հայաստանն ամենաշատն է շահել ինտեգրումից
Չնայած ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, քաղաքականությունն ու տնտեսագիտությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք չենք կարող տնտեսական միտումները դիտարկել քաղաքականությունից անջատ։ Այդ մասին են վկայում բազմաթիվ երևույթներ.
«Օրինակ, ԵԱՏՄ կազմավորման սկզբում, երբ Հայաստանը կանգնած էր «կամ, կամ» ընտրության առաջ՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, Հայաստանի իշխանությունը կարողացավ գործել այնպես, որ այդ վեկտորները փոխլրացնեն մեկը մյուսին: Եվ կարող ենք, որ Հայաստանն ամենաշատն է շահել է թե՛ Մաքսային միությանը, թե՛ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուց»,- քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Վերջին տարիներին, նշեց նա, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է, դրանք համալրվել են նաև ՌԴ դեմ արեւմտյան պատժամիջոցներով, որոնք, իհարկե, ազդում են մեր երկրի վրա, ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցներավ, որոնք ազդում են թե՛ Հայաստանի տնտեսության, թե՛ եվրասիական տնտեսական ինտեգրման վրա։ Բացի այդ, Հայաստանը անավարտ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է մեր տնտեսության զարգացմանը։ Ու թեև այս և այլ մարտահրավերները խոչընդոտում են առաջընթացին, սակայն վիճակագրությունը լավատեսություն է ներշնչում Մանասերյանին։
Հակառուսական հռետորաբանությունն ակտիվացել է
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հակառուսական հռետորաբանությունը և որոշ շրջանակների կողմից հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններում «սեպ խրելու» փորձերը։ Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը.
«Հայ ժողովուրդն ի սկզբանե աջակցել է Հայաստանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, և 8,5 տարի անց այդ ինտեգրման բոլոր տնտեսական օգուտներն ակնհայտ են։ Բայց սրանից զատ կարևոր է նաև սոցիալական, մարդկային ասպեկտը՝ չմոռանանք, որ Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայկական սփյուռքը՝ 2,5 միլիոն հայ։ Եվ այս գործոնը հաշվի չառնելը սխալ է, քանի որ մեր երկրները, բացի մշակութային, քաղաքական և տնտեսական կապերից, ունեն մարդկանց միջև կապեր և դրանք բավականին ամուր կապեր են»,- ասաց նա։
Ռուսաստանի դեմ տարվող ողջ աշխարհով մեկ ակտիվ արշավը, նշեց սոցիոլոգը, ներթափանցել է նաև հետխորհրդային տարածք, այդ թվում՝ Հայաստան, կա նաև հակառուսական դիսկուրսի աճ, դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշման աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու փորձեր։
«Սակայն բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այդ թվում՝ վերջին տարիների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր։ Թեև ակնհայտ է, որ հասարակական կարծիքի վերաֆորմատավորումը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում. սա բարդ, ծանրագույն գործընթաց է, որի մասին պետք է խոսել, որպեսզի հնարավոր լինի կանխել այն»,- ընդգծեց Պողոսյանը։
Հայաստանն ու նրա տնտեսությունն այսօր զարգանում են ԵԱՏՄ-ի շնորհիվ
Չնայած բազմաթիվ թերահավատների կարծիքին, որոնք մի քանի տարի առաջ հայտարարում էին, թե ԵԱՏՄ-ն այն նշաձողն է, որին չենք կարող հասնել և հայտարարում էին, որ Հայաստանը չպետք է անդամակցի միությանը, այսօր այդ բոլոր թերահավատների կանխատեսումները ոչ միայն չեն արդարացել, այլև բախվել են իրականությանը։ Այս մասին հայտարարեց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը։
«Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանն ու նրա տնտեսությունն այսօր զարգանում են առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության և այն հնարավորությունների շնորհիվ, որը մեզ տվել է այս միությունը։ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ այլ երկրների հետ, ինչը շատ կարեւոր ցուցանիշ է։ Մենք ամենուր ունենք կոնկրետ տնտեսական արդյունքներ, այլ ոչ միայն խոսքեր ու բարեմաղթանքներ. Խոսքը կոնկրետ թվերի ու ցուցանիշների մասին է։ Փոքր Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ն իսկապես ելք է բազմամիլիոնանոց շուկա, և ապագայում՝ ՀՀ կառավարության պատշաճ աշխատանքի շնորհիվ, մենք կարող ենք էլ ավելի լավ արդյունքներ գրանցել»,- եզրափակեց Ղուկասյանը։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ՄՊՀ Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի և Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության կողմից: