22.11.2024
Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն այսօր զարգանում են առաջին հերթին ԵԱՏՄ շնորհիվ. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Երկուսը դեմ չեն, երրորդը՝ հարմարվում է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ պրահյան պայմանավորվածության, նշանակում է Արցախի դե յուրե ճանաչում Ադրբեջանի կազմում։ Արցախի մեր հայրենակիցները կարծում են, որ, փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երեւան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ըստ արցախցիների վարկածի՝ ճանապարհը կբացվի պայմանագիրը ստորագրելուց որոշ ժամանակ անց, եւ այն էլ՝ կթույլատրեն սահմանափակ թվով մարդկանց ելքը, իսկ մինչ այդ սոցիալական ծրագրեր կիրականացնեն Արցախից գաղթածների համար՝ փորձելով մեղմել հայրենազուրկ արցախցիների զայրույթը։ Մեր դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ է այս ամենին մասնակցում ռուսական կողմը, ի վերջո, Արցախի հայաթափումը կնշանակի ռուսական կոնտինգենտի հեռացում Հարավային Կովկասից, ստացանք հետեւյալ պատասխանը․ «Եթե կողմերից երկուսը դեմ չեն, երրորդ կողմը պիտի հարմարվի այդ իրավիճակին, բացի դա՝ Արցախի հայաթափումը մեկ կամ երկու օրվա հարց չէ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել եւ որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։ Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել յուրայիններից շատերին, նրանք չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին, եւ երեւանցիները քաղաքում կատարվող ցանկացած բան վերագրեն հենց իրեն։ Նախկինում նա անգամ չէր մասնակցում այդ խորհրդակցություններին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաեւ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է: Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը չի մասնակցել վարչության վերջին նիստին, պատճառների մասին, սակայն, նա չցանկացավ խոսել. «Վարչության նիստին չի եղել, բայց պատճառը որքանո՞վ է էական։ Նախ՝ միայն ինքը չէ, որ բացակա է եղել։ Պատգամավորները մասնակցել են խմբակցության նիստին, նաեւ այդ օրը եղել է վարչության նիստ, իսկ նիստերին բացականեր լինում են. մեկը գործուղման է լինում, կարող է նույն օրը ֆրակցիայում նիստ լինի»,-ասաց Մանավազյանը:


Մեր տեղեկություններով, սակայն, Արսեն Թորոսյանն այդ օրը խմբակցության նիստին էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ իրավապահ համակարգը վերջերս Փաշինյանին այնպիսի փաստեր է ներկայացրել Թորոսյանի մասով, որոնք, ըստ էության, ապացուցել են իր առնչությունը առողջապահության ոլորտում իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված կոռուպցիոն չարաշահումների գործում: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Թորոսյանից, սակայն վերջինս, լսելով որ «Ժողովուրդ» օրաթերթից է, հարցը նույնիսկ չլսեց մինչեւ վերջ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Փաշինյանի ու Թորոսյանի հարաբերությունները լարվել են։ Նիկոլ Փաշինյանը խիստ է տրամադրված այս հարցում, ՔՊ-ականներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո որոշում կկայացնի Թորոսյանի մասով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գնալ ՄԻՊ, եւ նրա տեղը թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, որին փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալի տեղը: Պարզվում է՝ խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանի մասին է: Նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ, իսկ ավելի ուշ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Եվ, ահա, նրան դատախազի տեղակալ Պողոսյանը փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալ, սակայն փորձերը չեն ստացվում, քանի որ նշանակմանը դեմ է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում։ Թեմայի հետ կապված Դավթյանը նույնպես քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ծառայել Արցախին և իր կարողությունները ներդնել այնտեղ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել, ավելին, բավական մեծ թվով պատճառներ են ներկայացվել, թե ինչու նա չի կարող լինել Արցախի գլխավոր դատախազ։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ի թիվս մի շարք այլ պատճառների, Դավթյանին Արցախում հիշեցրել են, որ դեռևս 2019 թվականին, երբ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, նույն Արթուր Դավթյանը, որն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն էր, այդ հանգամանքը բացարձակ հաշվի չէր առել։ Թերթի տեղեկություններով, Արցախում Դավթյանին հասկացրել են, որ այդ ամենը չի մարսվել ու մոռացվել, և արցախցիների համար ընդունելի չէ, որ նա Արցախում գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնի: Մի խոսքով, այլ պատճառներ ևս հիշատակելով՝ նրան բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին խառնվել է ֆինանսների նախարարությունը եւ դատարանի որոշմամբ ներգրավվել որպես երրորդ անձ: Իսկ ի՞նչ դատական գործի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել։ Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը: