Հայաստանի սահմանին և Արցախում լարվածության աճը Զախարովան կապում է ԵՄ առաքելության հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը կապում է ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հետ։
«Հենց Արևմուտքն ու ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին լայնածավալ խնդիրներ»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ «խաղաղության մասին բոլոր խոսքերի, օգնելու ցանկության հետևում մենք իրական իրավիճակում տեսնում ենք բոլորովին հակառակ իրադարձություններ»։
Զախարովան նաև ՌԴ անհանգստության մասին է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության և միջադեպերի թվի աճի կապակցությամբ։
«Մեզ շատ անհանգստացնում է թշնամական հռետորաբանությունը, միջադեպերի աճը, կողմերի փոխզիջում չգտնելը, Լաչինի միջանցքում տիրող անհանգիստ իրավիճակը։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Սրանով մենք որոշում ենք և վերահաստատում մեր դիրքորոշումը։ Կոչ ենք անում կողմերին զուսպ լինել հայտարարություններում, զսպվածություն ցուցաբերել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, հասարակական ակտիվիստների, խորհրդարանականների հանդիպումների անցկացում և այլն»,- ասաց նա։