ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:
"Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված:
Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:
Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:
Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար",- հայտարարեց Փաշինյանը: