Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական եւ իրավական վեճերի բարեփոխումների ռազմավարությունից: Այս համատեքստում արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարեւոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը: Այս համատեքստում առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում. հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ մարտի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:
Նախագծերով առաջարկվում է սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, սահմանել արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայությունը, ինչպես նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննելը: «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվում է կատարել որոշ եզրույթների շտկումներ եւ կարգավորումների հստակեցումներ:
Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ընդունվել են նաեւ նախորդ օրը քննարկված օրինագծերը: