ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց, որում մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների թույլ տված վայրագություններին։
Զեկույցում, ինչպես հայտնում է Արմենպրեսը, նշվում է հաղորդումների մասին, որ սեպտեմբերյան հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերն իրագործել են անօրինական սպանություններ, դաժան և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել հայ զինվորականներին:
Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուսումնասիրել է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց դեպքերը: 2020 թ.-ի աշնան պատերազմից հետո 203 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) համարվում է անհետ կորած, իսկ սեպտեմբերի 13-14-ի հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում 3 զինվորական:
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից 7 հայ զինծառայողների անօրինական մահապատժին, որը, Human Rights Watch հասարակական կազմակերպության և Bellingcat-ի հետաքննող լրագրողների հավաստմամբ, նկարահանվել է 2022 թ.-ի սեպտեմբերի կեսերին:
Զեկույցը նաև հիշատակում է սեպտեմբերյան հակամարտության ընթացքում հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը, ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, շտապ օգնության մեքենաների թիրախավորումը:
Զեկույցում ներկայացված են նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ անվտանգության ուժերի կողմից ուժի կիրառման, բանտերում առկա վատ պայմանների, կամայական ձերբակալությունների, խոսքի ազատության սահմանափակումների դեպքեր: