24.11.2024
Ալիևի ելույթը ՀՀ-ի նկատմամբ հերթական ագրեսիայի նախապատրաստման դրսևորում է․ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ինչքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանից. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերի պատվիրակությանը։


"Դեսպանին շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու, Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման, ցեղասպանության շարունակականության մասին հիշատակելու համար։


Միաժամանակ ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական։


«Իսկապես խաղաղության գինը շատ լավ եմ պատկերացնում։ Այն տարածքները, որտեղ անցկացրել եմ իմ մանկությունը, հիմա օկուպացված են թշնամու կողմից, Արցախի 120000 շրջափակված մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար աղետի ծանր պայմաններում։ Ինչքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից»։


Ի պատասխան՝ Դեսպանը նշել է, որ հասկանում է իրավիճակի բարդությունը և հումանիտար խնդիրների լրջությունը, և հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության, վստահության մեխանիզմների կարևորությունը։


Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Նա նաև հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի։
Պարոն Գալագերը կարևորել է Հանձնաժողովի գործունեությունը Միացյալ Թագավորության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, այդ թվում՝ կանանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից։
Քննարկել ենք նաև Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր",- գրել է Թովմասյանը։