Առաջնագծում ամեն ինչ այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք ամենքս. ՊՆ
Առաջնագծում, այո, ամեն ինչ այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք ամենքս: Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով ընդդիմադիր Աննա Գրիգորյանի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ էսկալացիայի վտանգը թե՛ ՀՀ սահմանին, թե՛ Լեռնային Ղարաբաղում մեծ է, ասաց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը:
Բայց, վստահեցրեց նա, ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծը օր առաջ լինի ավելի ամուր:
Նա ըդնունեց, որ առաջնագիծը իդեալական չի, այդ թվում նաև սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի:
“Բանակում կա հսկայական անելիք և այդ անելիքը, որ ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին”,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ բանակում բոլորը ե«հինգերորդ շարասյուն» են և արդյոք վտանգավոր չէ այս հայտարարությունը՝ բանակը թուլացնելու առումով, Սուրեն Պապիկյանը, նախ, հորդորեց չխեղաթյուրել վարչապետի հնչեցրածը, ապա ավելացրեց.
“Որովհետև «բոլորը 5-րդ շարասյուն են» վատ արտահայտություն է: Խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց, որոնք ստանձնել են կամ շարունակում են ստանձնել այդ դերը և կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում են, գուցե ԱԺ-ում են: Մենք պետք է, վերջապես, իրականության հետ առերեսվելու կամք ունենանք: Խոսքը մեր պետականության, եղելիության մասին է և եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է այդ մասին ամեն օր խոսել, մամուլին էլ կարելի է ամեն օր վատ երևույթները լրահոս դարձնել, դա նրանից է, որ պահանջը կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետության կենսունակությունը: Իսկ ովքեր թուլացնում են մեր պետության կենսունակությունը, հինգերորդ շարասյուն ասվածը նրանց համար նույնիսկ մեղմ է: Դա ավելի շատ նման է դավաճանության »,- ասաց Պապիկյանը: