VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: Հիմա քննարկումներ են, թե ինչպես կարող են Իրանի հյուպատոսությունը Սյունիքում բացելուց հետո իշխանությունները չթույլատրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը հյուպատոսություն բացել Սյունիքում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»: Նկատենք՝ շեշտված է միայն պաշտոնական առաջարկի բացակայության մասին, իսկ ոչ պաշտոնապես նման խոսույթի բացառումը չկա ԱԳՆ պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ:
«Իրավունք» թերթը գրում է. «Սպասվում է, որ մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար կոչված Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա: Ըստ նույն աղբյուրների, նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի:Այս ամենը Պիսկեմ Սուրոյի ու Նիկոլի միջեւ պայմանավորվածության արդյունքն է: Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, եւ երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին: Միաժամանակ, Նիկոլը Պապիկյանին խոստացել է, ինչպես ասում են, ոչ փոշոտ աշխատանք, բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվում են նաեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ում։ Կուսակցության քաղաքապետացուն էլ, հավանաբար, լինելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։ Խոստանում է, որ նոր կուսակցությունը ոչ մեկի, այդ թվում՝ նախկինների եւ անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի ասոցացվելու։ Նպատակը քաղաքական դաշտ մուտք գործելն է՝ առաջին փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ծրագրով։ Սակայն, ըստ ամենայնի, հասկանալով, որ նախկին լինելն այլեւս խարան չէ, որոշել են ԲՀԿ-ով գնալ ընտրությունների։ Մեր տեղեկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հետեւյալ մեկնաբանությունը տվեց․ «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որեւէ քննարկում չի ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության կամ դրա ձեւաչափի վերաբերյալ։ Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդն այդ բովանդակությամբ քննարկում կանի, եւ որոշման մասին, բնականաբար, մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ մինչ այդ ես որեւէ տեղեկատվություն չեմ մեկնաբանելու»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլեւ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, եւ այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։ Ավելին՝ ինչպես նկատել են հեղինակավոր կազմակերպության փորձագետները, Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում. երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։ Թեեւ այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող եւ հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։ Եվ, իհարկե, այս ամենի համար, ինչպես եւ սպասելի է, Նիկոլ Փաշինյանը շտապում է մեղադրել ուրիշներին:
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ երեկ, Փաշինյանն այսպիսի միտք հնչեցրեց. «Օրինակ՝ մասնավորապես՝ ես կարծում եմ, որ էդտեղ ունեն նաեւ դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի մասին, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձեւ, որ էդպիսի որեւէ հրապարակում անարձագանք չմնա. եթե ճիշտ չէ, ուրեմն պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ եւ հետեւողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը, մի տարի հետո լինի, որովհետեւ դատական գործերը երբեմն արհեստական կամ բնական ձգձգվում են», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում: Այսինքն՝ նա, ըստ էության, հրահանգեց ամեն կոռուպցիոն բացահայտման հետեւից գնալ, դատի տալ լրատվամիջոցներին: Ստացվում է՝ Փաշինյանի օրոք երկրում կոռուպցիան, հովանավորչությունը, դատավորներին ճնշելը դարձել են ամենատարածված երեւույթը, եւ այս պայմաններում վարչապետը հորդորում է լրատվամիջոցների հետեւից ընկնել: Հավելենք՝ ուսումնասիրության արդյունքներով՝ նախորդ տարվա պես Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իրանից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլեւս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերեւից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները: ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել եւ անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են: Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որեւէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին:
Արմեն Չարչյանի դեպքում եւս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Իշխանականները նույն տրամաբանությամբ նաեւ իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները գնացել եւ, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են: Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. որեւէ պատգամավոր այլեւս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ՝ միջնորդությունն էր անհիմն, եւ հետո՝ ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։ Այլ կերպ ասած՝ շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել եւ Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի: Կան տեղեկություններ, որ ամենավերեւից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաեւ ԱԺ նախագահը:
«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։ Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։ Այսինքն՝ որեւէ նոր նպատակ, որի համար պետք էր հավելյալ գումար հատկացնել, դրամաշնորհի պայմանագրում չի նշվում, ավելին՝ ստացվում է, որ կառավարական առանձնատներն ամեն տարի վերազինվում ու կահավորվում են։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին ամառանոցներից 8 տուն վերանորոգվել էր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանինը: 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ եւ տեղափոխվեց կառավարական առանձնատուն, նա եւս վերանորոգեց իր տունը: Ամառանոցները, փաստորեն, ամեն տարի վերանորոգվում են, դրանց սպասարկման համար ուղղված գումարներն էլ՝ ավելանում։ Մենք փորձեցինք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված շուրջ 73 մլն դրամով ֆինանսավորման ավելացումը, սակայն տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկել ենք, ստանալուն պես այն եւս կհրապարակենք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»: Իսկ հիմա կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել: Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում եւս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին եւ ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում, իսկ երեւանաբնակները լքում են Հայաստանը: Այս երեւույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: