ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ի՝ կիբերհարձակման սպառնալիքները «շուկայական աղաղակներ» են
Մոսկվան տագնապով ու մտահոգությամբ է ընդունել ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ կիբերհարձակման վերաբերյալ սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սա մեզ համար տագնապալի է եւ մեծ մտահոգություն է հարուցում, քանի որ Ռուսաստանը խաղաքարտ է դարձել, որը խաղարկվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում», - հայտարարել է նա:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ փոխանարարը նշել է, որ սպառնալիքների նոր «պորցիան մեզ հանկարծակիի չի բերի, դեռ ավելին՝ մենք չենք կարող ընկրկել դրանց դեմ»: «Դա արդեն ոչ «մեգաֆորնային դիվանագիտություն» է, քանի որ այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա, սրանք շուկայում հնչող աղաղկներ են: Մենզ նման աղաղակներով չես վախեցնի», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Մոսկվան այսպես է արձագանքել հոկտեմբերի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությանը, թե ամերիկյան քաղաքական կառույցների դեմ ռուսների իրականացրած հաքերային հարձակումների վերաբերյալ պետք է «մեսիջ» ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: – «Մենք ունենք դրա համար անհրաժեշտ կարողություններ և այդ մեսիջը կուղարկվի: Նա կհասկանա դա, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք դա կցանկանանք և երբ դա առավելագուն ազդեցություն կունենա», - մասնավորապես ասել էր Բայդենը:
Ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը աննախադեպ է որակել Մոսկվային և Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված սպառնալիքները, քանի որ «դրանք հնչեցվում են ԱՄՆ փոխնախագահի մակարդակով»: «Այս ագրեսիվ և անկանխատեսելի գիծը մեզ ստիպում է քայլեր ձեռնարկել մեր շահերը պաշտպանելու ուղղությամբ», - հայտարարել է նա:
Ավելի վաղ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն էր զգուշացրել, որ որ Ռուսաստանը հաքերային հարձակման լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար՝ ընդգծելով, որ այդ երկիրը «բացառիկ զարգացած կիբերկարողություններ ունի»:
Ռուսական հաքերային հարձակումների խնդիրը ամերիկյան քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը դարձավ այն բանից հետո, երբ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը հաստատելու նպատակով հրավիրված Դեմոկրատական կուսակցության համաժողովից առաջ Wikileaks. կայքը հրապարակեց Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների նամակագրությունը: Հրապարակված փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը սևացրել է կուսակցին՝ Քլինթոնի մրցակից, նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսին և նրա նախագահական ընտրարշավը խոչընդոտելու ուղիներ փնտրել։
Ավելի ուշ` օգոստոսի 12-ին, ենթադրաբար ռուսական հաքերային խումբը համացանցում հրապարակել էր փաստաթղթեր, որոնք գողացվել էին Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության ընտրական հանձնաժողովի սերվերներից: Այդ փաստաթղթերում առկա են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների անձնական տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ: