2018-2020 թթ․ Հայաստանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՏՄ-ին միանալու Պայմանագրի 31-37 կետերը, թույլ տվեց ներքին օգտագործման համար պայմանականորեն մաքսազերծված տրանսպորտային միջոցների վաճառքը և արտահանումը։
2023 թվականից այդ տրանպորտային միջոցները ստացան ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
VERELQ-ի հետ զրույցում քաղաքացի Գոռ Ղազարյանը նշում է, որ 2021թ․ ԵԱՏՄ Խորհրդի որոշումով՝ ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերը թողարկում են հատուկ լիցենզավորված կազմակերպությունները, մաքսային ծառայություններից այդ ֆունկցիան փոխանցվել է մասնավոր կազմակերպություններին։ Նման կազմակերպություններ գործում են ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից։
Նշված կազմակերպությունները, էլեկտրոնային անձնագրեր թողարկելու համար, պահանջում են ՀՀ ՊԵԿ-ից տեղեկանք, նշելով տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և VIN համարը, տրանսպորտային միջոցը իդենտիֆիկացնելու համար։
Մեքենաների սեփականատերերը այսօր դիմում են ՊԵԿ այդ ավտոմեքենաների մաքսային ստատուսի մասին տեղեկանք տրամադրելու համար։
ՊԵԿ-ի աշխատակիցները, որոշելով խուսափել մեծ ծավալի աշխատանք կատարելուց, տրամադրում են տիպային պատասխաններ, չնշելով ո՛չ մեքենայի VIN - ը, ո՛չ էլ մեքենայի մոդելը, ինչի հեևանքով հնարավոր չէ իդենտիֆիկացնել մեքենան։
"Ներկա պահին նույնիսկ այդ տիպային պատասխանները չեն տրամադրվում, ի պատասխան քաղաքացիների դիմումների ՝ ՊԵԿ-ը ոււղարկում է հղում ՊԵԿ կայքում տեղակայված ինֆորմացիային։
Այս ամենի հետևանքով, փաստացի չստանալով ամբողջական պատասխան ձեռք բերված տրանսպորտային միջոցների վերաբերյալ, քաղաքացիները զրկված են գնված մեքենաները Ռուսաստանի Դաշնությունում հաշվառման կանգնեցնելու հնարավորությունից։
Այդ առիթով արդեն իսկ քաղաքացիները պատրաստվում են դիմել Վարչական դատարան կոլեկտիվ հայցով՝ ըննդեմ ՊԵԿ-ի, բողոքարկելով վերջինիս անօրինական անգործությունը։
Նման դատավարությունը կհանգեցնի մեծ ռեզոնանսի ամբողջ ԵԱՏՄ տարածքում և կդառնա խայտառակություն Հայաստանի Հանրապետության համար, որը չունի ռեսուրսներ նույնիսկ մարդկանց ամբողջական տեղեկանք տրամադրելու համար։
Միաժամանակ ռուսական մաքսայինը հերքում է ՊԵկ-ի տեղեկատվությունը: Նրանք հայտարարում են ավելի քան 700 մեքենայի մասին, որոնք չունեն միության ապրանքների կարգավիճակ ՝ ի հակադրում հայկական կողմի հայտարարած 339 մեքենաների",- ասաց նա։
Ավելի վաղ այս թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմել էր Պետական եկամուտների կոմիտե, որտեղից պատասխանել են, որ ավտոմեքենաների կարգավիճակի մասին Կոմիտե դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։
«Համաձայն «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Բացառություն են կազմում 339-ը տրանսպորտային միջոցներ, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն: Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025թ. հունվարի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում»,- նշված է ՊԵԿ պարզաբանման մեջ:
Ըստ ՊԵԿ-ի՝ անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ստորև։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում և դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Ավելին, պարզվում է, որ մնացած բոլոր դեպքերում՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023թ-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս մասին պաշտոնական գրություններով տեղեկացվել է նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին։