24.11.2024
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն Արցախ անհրաժեշտություն է․ ՄԻՊ

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ թարմացված տվյալներով։


Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին:


«Զեկույցում անդրադարձել են նաև բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումներին։


Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ Պաշտպանների հետևությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի՝ էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։


Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։