22.11.2024
«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին
prev Նախորդ նորություն

Դիտորդներ. ԼՂ խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները մոնիթորինգ իրականացնող միջազգային առաքելությունները հաստատել են ընտրական գործընթացների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

«Եվրոպական խորհրդարան-Արցախ» բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական օրենսգրքի շոշափելի խախտումներ չեն նկատվել և ընտրություններին մասնակից բոլոր 7 կուսակցությունների համար ապահովվել են մրցակցության հավասար պայմաններ:

«Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը կազմել է 71%, ինչը ավելի մեծ ցուցանիշ է, քան եվրոպական շատ երկրներում: Դա ցույց է տալիս Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը դեմոկրատական արժեքներին և ցույց է տալիս ԼՂՀ-ի ինստիտուտների օրինականությունը», - նշել է Էնգելը:

Իր հերթին, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի(ISES) նախագահ Ալեքսանդր Ցինկերը հայտարարել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են դեմոկրատական մրցակցային պայքարում՝ ընտրողների բարձր մասնակցության պարագայում և համապատասխանել են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին և պահանջներին:

«Մեր առաքելությունը ֆիքսում է մի շարք տեխնիկական դժվարություններ ընտրությունների օրը՝ մի շարք ընտրատեղամասերում հերթերի գոյացում, ինչը դժվարացնում էր ընտրությունների ընթացքի նկատմամբ վերահսկողությունը, մի շարք ընտրատեղամասերում ֆիզիկական սահմանակ հնարավորություններով մարդկանց մուտք գործելու հնարավորությունների սահմանափակումը, վատ լուսավորությունը: Սակայն չնայած գրանցված թերություններին, որոնք չեն կարող խաթարել հանրապետության քաղաքացիների ընտրության լեգիտիմությունը, առաքելության դիտորդները վստահ են, որ ընտրությունները հաջող են ընթացել, այն ընտրատեղամասերում, որտեղ ներկա էին մեր դիտորդները՝ ընտրակեղծիքներ չեն գրանցվել»,-նշել է նա:

Ռուսական դիտորդական առաքելության ներկայացուցիչ, Յաբլոկո կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ Վիկտոր Շեյնիսը նշել է, որ ընտրությունների արդյունքում չի գրանցվել որևէ միջադեպեր, որոնք կարող էին ազդել ընտրությունների ելքի վրա: Որոշ թերացումներ նկատվել են շրջանային ընտրական հանձնաժողովների աշխատանքներում, որոնք կրել են զուտ տեխնիկական բնույթ: Շեյնիսը նաև դիմել է ՄԱԿ-ի անդամ-երկրների խորհրդարաններին և կառավարություններին՝ կոչ անելով հաշվի առնել ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և քայլեր ձեռնարկել դրանց ճանաչելուն ուղղությամբ:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողով նախնական տվյալներով անցել է հինգ կուսակցություն: Ընտրություններին մասնակցած 7 կուսակցությունների օգտին քվեարկել է 68 915 ընտրող, որոնցից «Ազատ Հայրենիքի» օգտին քվեարել է 32 623 ընտրող(47,35%), որին հաջորդում է «Արցախի Դեմոկրատական կուսակցությունը»՝13105 ընտրող(19,1%):

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հավաքել է 3709 (5,38%) ձայն, «Արցախի Կոմունիստական կուսակցությունը»՝ 1136 (1,65%), «Խաղաղություն և զարգացում» կուսակցության օգտին՝ 591 (0,86%), «Դաշնակցության» օգտին՝ 12965 (18,81%), «Շարժում-88»-ի օգտին՝ 4777 (6,93%):

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն:
Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»:

Ընտրություններին հետևել է ավելի քան 100 դիտորդ միջազգային տարբեր կազմակերպություններից, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական կառույցներից: