25.11.2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խնդրել է իրեն ներկայացնել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը
prev Նախորդ նորություն

Ալժիրը հետաքրքրված է Հայաստանի հետ մշակութային, կրթական, գիտական շփումների ակտիվացմամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային:


Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ:


«Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. դեկտեմբերին լրանում է Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սակայն, ցավոք, այս տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ երկու երկրների համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ այս ուղղությամբ ահռելի աշխատանք կա կատարելու:


Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության լավագույն գործիքներից է բարեկամական խմբերի գործունեությունը եւ որպես առաջին քայլ` առաջարկել է քննարկել երկկողմ խորհրդարանական բարեկամական խմբեր ձեւավորելու հարցը:


Սմաիլ Բենամարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա եւս կողմ է արտահայտվել միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումներն ակտիվացնելուն:


Էդուարդ Աղաջանյանը դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը` կարեւորելով կայուն խաղաղության հաստատումը:

Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության խթանման հարցը: