ՔԿ-ում քննարկվել է ընտանիքում բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարթա Բեկերրայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, այդ պայքարում հիմնական դերակատար կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խիստ օգտակար է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ներգրավմամբ մինչ այժմ ԵԽ-ի կողմից իրականացված՝ կանանց համար արդարադատության մատչելիությանը, քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման գործընթացները։ Նա ողջունել է ՀՀ քննչական կոմիտեի հետ անմիջական գործակցության նոր նախագծեր մշակելու՝ ԵԽ-ի նախաձեռնողականությունը։
Արսեն Այվազյանը նշել է, որ եվրոպական իրավունքի հիման վրա ընտանիքներում և կանանց նկատմամբ բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի խստացման ՀՀ պետական հետևողական քաղաքականությունն արտահայտվել է ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում տրված նոր լուծումներով։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվորեն ներգրավված է ոչ միայն այս ոլորտի իրավակիրառ պրակտիկայի, այլ նաև՝ օրենսդրական բարեփոխումների գործընթացներում։ Նա մանրամասն ներկայացրել է բռնություններից քաղաքացիների պաշտպանության իրավական կառուցակարգերի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, քննիչների շրջանում կանանց ավելի մեծ ներգրավվածություն ապահովելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի ջանքերը։
Մարթա Բեկերրան գոհունակություն է հայտնել վերջին շրջանում կանանց նկատմամբ, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում Հայաստանի հետևողական քայլերի կապակցությամբ՝ նշելով, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի դատավարական նոր ընթացակարգերն ու լուծումները համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին։ Բռնարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու և պատժի անխուսափելիության ապահովման տեսանկյունից նա կարևորել է հատկապես մինչդատական վարույթում ապացույցների ձեռք բերման գործընթացը, քրեական վարույթների համար ամուր փաստակազմով դատական հեռանկարի ապահովումը։ Այդ նպատակով ԵԽ-ն, ըստ տիկին Բեկերրայի, պատրաստ է աջակցություն ցուցաբերել վերապատրաստումների միջոցով քննիչներին լրացուցիչ հմտություններ տալու հարցում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցության նոր ծրագրերը դետալային քննարկման արժանացնել աշխատանքային կարգով։