Գործադիրը 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի
Կառավարությունը 1,272,701.4 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
ՀՀ 16 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 25 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեից ֆինանսավորման:
Վարչապետը մանրամասն ներկայացրել է իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ բնակավայրում իրականացվել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներ, Մուղնի թաղամասում պուրակի կառուցում, Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում և 3 բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների կառուցում և վերականգնում: Վերակառուցվել և կառուցվել է Արարատի մարզի Զանգակատուն, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերի ոռոգման ցանցը: Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում իրականացվել են Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ Շիրազի, Հ.Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, բարեկարգվել են Արաքս բնակավայրի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը և մշակույթի տան հարակից այգին, Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում կառուցվել է 1200 գծմ երկարությամբ գազատար: Գեղարունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի համայնքապետարանի շենքի տանիքին տեղադրվել է 40,05 կվտ արևային կայան, Մարտունի համայնքի Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում կառուցվել են ընդհանո ւր 27 կմ երկարությամբ լուսավորության համակարգեր, Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում կառուցվել է 1103 գծմ երկարությամբ գազատար և այլն: