Հայաստանի, Արցախի ու հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն բանակն է. Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Հայաստանի, Արցախի ու հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն Հայոց ազգային բանակն է:
«Հայոց ազգային բանակ, համայն հայության անգերազանցելի հպարտություն, հայ ազգի մարտունակ ոգու կենդանի վկայություն, Հայրենիքի սիրտ և ազգային գենի գլխավոր զարկերակ, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդում ու հաղթանակների հավատամք, հայի և Հայաստանի ուժ և զորություն, անվտանգություն և հուսալի թիկունք, մեր հաղթանակների զենք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսափ, քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ երդմնապահ հավատարմությամբ, մահացու օղակ ես թշնամու պարանոցին և անառիկ բերդ՝ Հայոց սահմաններին:
Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է», ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր քեզ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ հայոց ազգային բանակ:
Մենք հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին, միշտ քո շարքերում։
Հայաստանի, Արցախի ու հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն Հայոց ազգային բանակն է:
Փա՜ռք Հայոց Ազգային Բանակին:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախն ու Հայ Ազգը»,- ասված է հայտարարության մեջ։