23.11.2024
ՏԻՄ ընտրություններ. Հայկական ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրում
prev Նախորդ նորություն

Հայաստանը "սեղմվում է" պարտքային բեռի տակ. փորձագետներ

Հայաստանում վարչապետի եւ կառավարության տնտեսական բլոկի ողջ նախարարական կազմի փոփոխությունը տնտեսագետները գնահատում են ոչ այնքան որպես տնտեսական զարգացման մոդերի փոփոխության մասին ազդարարող քայլ, որքան ընտրություններից առաջ քաղաքական շարժառիչներից բխող գործողություն:

Նախընտրական փուլում, երբ 7 ամսից Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բնական է, որ իշխանությունը, կարծում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, փորձ է կատարում ձևավորել կառավարություն, որը սուր քննադատության առանցք չի դառնա: «Կա ընթացակարգ, նոր կառավարությունը 100 օր դեռ պետք է աշխատի, որպեսզի գնահատական տանք նրան», - ասաց նա՝ հավելելով, որ նախ սա քաղաքական նպատակահարմարությունից դրդված փոփոխություն է, իսկ մյուս կողմից՝ որքան էլ կառավարությունը փոխվի, քաղաքական մեծամասնությունը նույնն է մնում։

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 7-ին Միքայել Մելքումյանի, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Նոր կառավարություն. տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական խնդիրներով թելադրված փոփոխություններ» թեմայով քննարկում:

Հասարակության մեջ, թերեւս հաշվի առնելով կառավարության կազմում նոր դեմքերի առկայությունը, որոշակի տնտեսական սպասումներ է ձեւավորվել: Այնուամենայնիվ փորձագետները մեծ ակնկալիքներ չունեն, սակայն կառավարության արդեն իսկ կատարած քայլերը նրանց թույլ են տալիս եզրակացնելու, որ հասարակական ռեզոնանս ստանալու նմապատկով փորձ է կատարվում պարզ քայլերով «արդարության մթնոլորտ ձեւավորել»:

«Շուրջ 100 միլիարդ դրամի չափով կրճատել են բյուջեի ծախսերը, խոսում են ստվերը հարկելու մասին։ Իրական տնտեսական աճի սպասումները քիչ են: Կարծում եմ, բայց կուզենան քայլեր անել՝ արդարության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, որպեսզի մի քիչ հասարակական ռեզոնանս տա։ Բայց իրական սպասելիքների մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որչ չգիտեմ՝ իրենք նախագահի հետ ինչ են պայմանավորվել»,-նկատեց Մելքումյանը։

Թեպետ կառավարությունը նոր է ձեւավորվել, սակայն վերջինիս 20 օրվա գործունեությունից կարելի է ապագայի համար որոշակի թվային պատկեր ներկայացնել: Այս տարի կառավարությունն ակնկալում են մոտ 2.4% իրական աճ` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017-ին՝ տնտեսական աճի բյուջեով սահմանված ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1 տրիլին 65 մլրդ դրամ հարկային ցուցանիշով, որը 80 միլիարդով պակաս է սպասվածից: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ: Հաջորդ տարի կառավարությունը ծրագրում է 1 տրիլիոն 135 մլրդ հարկային մուտքեր: 2017 թ.-ի բյուջեի ծախսերը կառավարությունը կրճատել է 100 մլրդ դրամով:

2017 թվականին կառավարությունը պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը ծրագրել է 2.8 տոկոս՝ սպասելիք 5.9 տոկոսի փոխարեն: Դա շուրջ 150 մլրդ դրամ է, որի ֆինանսավորման աղբյուրները հետևյալն են. ակնկալվում է 70 մլրդ պակասուրդի ֆինանսավորումն իրականացնել ներքին աղբյուրների հաշվին, մնացածը` արտաքին:

Հայաստանի տնտեսությունը, վստահ է Վահագն Խաչատրյանը, շատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան այն, ինչ ներկայացնում են մակրոտնտեսական ցուցանիշներով: «Սակայն ես տեսնում եմ այստեղ անլուրջ վերաբերմունք: Նախկին կառավարությունն օգոստոս ամսին մի հաշվետվություն ներկայացրեց, թե Հայաստանի տնտեսությունն լավ վիճակում է, ակտիվությունը 4 տոկոսից ավել է։ Մի ամիս հետո մեզ ասում են՝ տնտեսությունը շատ ծանր վիճակում է», - նկատում է նա՝ հավելելով, որ նոր կառավարությունը չի խոսում ՓՄՁ զարգացման, ինչպես նաեւ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին:

Ավելին 2017 թ.-ի պետական բյուջեում տնտեսական աճի ակնկալինքերը հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով՝ Ռուսաստանում տնտեսական աճի եւ պղնձի համաշխարհային գների աճի հեռանկարով: Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, հավանականությունը, որ Ռուսաստանի տնտեսությունը կաշխուժանա, ճիշտ այնքան է, որքան չաշխուժանալու հավանականությունը: Պղնձի գների բարձրացումը հավանական է ճիշտ այնքան, որքան նվազելու հավանականությունը:

«Սրանից կարելի է մեկ ուրիշ հետևություն էլ անել, որ որևէ նշանակություն չունի, թե ով կլինի կառավարությունում՝ Ռուսաստանի վիճակը կլավանա, պղնձի գները կբարձրանան, Հայաստանի վիճակը կլավանա։ Այդ դեպքում ընդհանրապես ոչ մի կառավարություն պետք չէ։ Համենայն դեպս, իշխանության և կառավարության բացատրությունները դրան են բերում», - հեգնեց Վահագն Խաչատրյանը։

Նոր կառավարությունը, կարծում է Գագիկ Մակարյանը «սիրաշահում և հույսեր է առաջացնում հանրության ու գործարար հատվածի մեջ»։ «Սա սիրաշահելու փորձ է: Դեռևս վաղ է օգտագործել վստահություն բառը։ Չի կարելի մեկ օրում միանգամից վստահության մասին խոսել»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ապագայում կառավարությունը պետք է գնա տնտեսության զարգացման ռիսկերի կառավարման մոդելի կիրառման ճանապարհով։

«Տնտեսության այս մոդելը սպառել է իրեն: Հայաստանի մի կեսը պահում է մյուս կեսին, մի կեսն աշխատում է՝ մյուս պարազիտ կեսին պահելու համար, ու դա մարզերն են։ Ոչ մի մոդելների չեն հետևում, ոչ մի բան չեն ստեղծում, պարզապես նստած սպասում են՝ հրահանգներ լինեն, որ կատարեն, որ փողերը ծախսեն։ Այս գումարները կարելի է ուղղել մեկ այլ ոլորտի համար»,- ասաց Մակարյանը։

Կառավարության նոր ղեկավարի՝ «տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է» հայտարարությունը պարզաբանելիս, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը վերջերս հստակ հայտարարեց, որ տնտեսության այս մոդելը սպառել է իրեն: Միեւնույն ժամանակ նա չնշեց, թե որպես այլընտրանք կառավարությունն ինչ է առաջարկում:

2008 -2009 թթ գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ կառավարությունը հայտարարեց, որ շինարարության ոլորտի ուռճացման հաշվի տնտեսության ակտիվությունն ապահովելու մոդելը «փուչիկ էր»: Այնուհետեւ անցում կատարվեց մասնավոր տրանսֆերտների ու արտաքին պարտքի ուռճացման վրա հիմնված տնտեսական մոդելին: Այժմ արդեն կառավարության մակարդակով հայտարարում էր, որ պետական պարտքը կոնսոլիդացնելու խնդիր կա:

Հայաստանի պետական պարտքը մինչեւ այս տարվա վերջ ըստ պաշտոնական տվյալների կկազմի շուրջ 5,9 մլրդ դոլար, ինչը ՀՀ ՀՆԱ-ի 54-55%-ն է: Սա վտանգավոր սահմանագիծ է, նշում է Ատոմ Մարգայրանը: Կառավարությունը նախատեսում է գնալ պարտքի կոնսոլիդացման՝ ապագայում այն կառավարելի դարձնելու նպատակով: «Երբ պարտքն անընդհատ աճում է, սպասարկման ծախսերն են աճում, և եթե չկարգավորես, ապա կհանգես մի իրավիճակի, երբ տոկոսային ծախսերը կարտամղեն այլ տեսակի ծախսերը: Սա մի իրավիճակ է, որը տեղի ունեցավ Թուրքիայում 2004 թվականին, Արգենտինայում՝ 2000-2002 թվականներին», - Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Տարիների ընթացքում նշում են տնտեսագետները արտաքին պարտքի մեծացման հաշվին փողը մտել է տնտեսություն, սակայն արդյունք չի տվել: «Փողը մտել է տնտեսություն, բայց էֆեկտ չի տալիս, բնականոն գործընթացը որովհետև խաթարված է »,- նշում է պատգամավորը, ում հավելում է Ատոմ Մարգարյանը. «Այդ փողը գործող մոդելի պարագայում ոչ թե որպես ներդրում ուղղվել է տնտեսության իրական հարտած, այլ օգտագործվել ընթացիկ բյուջետային ծախսերի ապահովման նպատակով»:

Այժմ դատելով նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «ստվերը հարկելու անհրաժետության մասին հայտարարությունից», քննարկման մասնակից փորձագետները ենթադրում են, որ ապագայի տնտեսական մոդելը կառուցվելու է ավելի շատ ստվերային տնտեսության կրճատման հաշվին հարկման բազայի ավելցման, ոչ թե տնտեսական աճի ապահովման վրա: