ՀՀ ԱԳ փոխնախարարը ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հայաստանի արտաքին գործերրի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։
Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։
Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը: