Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը հուսադրող է. Ղարիբաշվիլի
«Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափ, հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ մենք միասին կանենք շատ կարևոր գործեր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, արագ փոփոխվող ու բարդ մարտահրավերների պայմաններում տարածաշրջանում և աշխարհում մեծ նշանակություն է տրվում խաղաղությանն ու կայունությանը, որոնք մեր տարածաշրջանի և ժողովուրդների բարօրության առանցքային գործոններն են։
«Մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։ Սա, իհարկե, մեծ հույս է ներշնչում։ Կցանկանայի կրկնել, որ Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակելու աջակցել խաղաղության քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին»,- ասել է Ղարիբաշվիլին։