Դատարանի որոշում. Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայ գերիներին
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։
Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, որը գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»:
Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են ինչպես 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։
Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու որոշումների։