Ոգեկոչման արարողություններ՝ Արցախում
Սեպտեմբերի 27-ը՝ Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում և զորամասերում առանձնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցել են նաև ՊԲ զինվորականները ՝ ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի գլխավորությամբ:
ՊԲ բարձրաստիճան զինվորականները՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, զոհվածների հարազատների և մարտական ընկերների հետ միասին նախ ծաղիկներ են խոնարհել Ազատամարտիկների պուրակում՝ 2020 թվականի աշնանային պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշապատի առջև, որից հետո մասնակցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Հուշահամալիր մեկնարկած <<Անմահների Գունդ>> խորագրի ներքո անցկացված խորհրդանշական Խաչերթին: Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է <<Լռության րոպե>>: Այնուհետև Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի օծման ու բացման արարողություն, ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի կողմից կատարվել է <<Լուսո Խորանի>> օրհնության կարգ, մատուցվել հոգեհանգստյան պատարագ:
Այնուհետև ներկաները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի ամենաթանկը զոհաբերած հերոսների շիրիմներին: