ՄԻ պաշտպանը շարունակում է հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԵԽ Ժողովրդավարության հարցերով Գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ:
Տիկին Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, անդրադարձել քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղիղ թիրախավորմանը: Այնուհետ Մարդու իրավունքների պատպանը ներկայացրել է ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին առնչվող մանրամասները:
Տիկին Ռուտանենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին ԵԽ ազգային ու տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության համար և ընդգծել երկու հաստատությունների միջև կայուն փոխգործակցության կարևորությունը:
Տիկին Գրիգորյանը հանդիպել է նաև ԵԽ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի առաջին փոխնագահահ Անտոանետա Վասիլևայի և փորձագիտական խմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի իրավիճակը, անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող նոր ԱԳԾ-ին, հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում իրավապահ համակարգի արձագանքման մեխանիզմներին և այս ոլորտում Պաշտպանի գործունեությանը: